կարևոր
1957 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-23 19:48

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը «Երկիր մեդիայի» լրագրողի նկատմամբ ոստիկանների իրականացրած ապօրինի քայլերի առընչությամբ

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը «Երկիր մեդիայի» լրագրողի նկատմամբ ոստիկանների իրականացրած ապօրինի քայլերի առընչությամբ

Երեկ երեկոյան ոստիկանությունը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի դիմաց տեղի ունեցող ընդդեմ Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների ցույցի ժամանակ բերման է ենթարկել 25 երիտասարդի, որոնց թվում եղել է նաև «Երկիր մեդիայի» լրագրող Անի Նահապետյանը։

Վերջինս բերման ենթարկվելու պահին կատարելիս է եղել իր մասնագիտական պարտքը, արտաքին տեսանելի հատվածում կրել է լրագրողական անվանաքարտը, ոստիկանության ծառայողներին տեղեկացրել է, որ ինքը լրագրող է, սակայն անգամ այդ պարագայում օրենքի կոպտագույն խախտմամբ, լրագրողին քաշքշելով ու վիրավորելով՝ տարել են ոստիկանություն ու քրեական գործ հարուցել խուլիգանության հանցակազմով:

Լրագրողի խոսքով՝ ոստիկանական բաժնում ինքը նույնպես կրկնել է, որ լրագրող է, ինչը որևէ կերպ չի փոխել իրերի դրությունը, և Անի Նահապետյանը 5 ժամից ավելի անցկացրել է ոստիկանությունում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտմանն ուղղված ցանկացած գործողություն:

Լրագրողն ազատ է իր ցանկացած վայրից, իր նախընտրած գործիքակազմով, շարժման հետագծով լուսաբանել ցանկացած իրադարձություն, այդ թվում՝ հատկապես ցույց, բողոքի ակցիա կամ հանրային դժգոհության արտահայտման որևէ այլ ձևաչափի դրսևորմամբ այլ միջոցառում:

Որևէ մեկն իրավունք չունի բերման ենթարկել լրագրողին մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում, եթե վերջինս չի խոչընդոտել ոստիկանների աշխատանքին: Ակնհայտ է, որ միայնակ, հեռախոսով բողոքի ակցիա լուսաբանող լրագրողը որևէ տեսական հնարավորություն անգամ չուներ խոչընդոտելու տասնյակ կարմիր բերետավորների աշխատանքը:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն ու հանդուրժողականություն, դուրս չգալ ծառայողական պարտականությունների լիազորություններից:

Հայաստանի ժուռնալիստների միություն