կարևոր
2431 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-23 18:53

Ոստիկանության հայտարարությունում ակնհայտորեն նենգափոխված են իրադարձությունները. ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջում է հստակ գնահատական տալ

Ոստիկանության հայտարարությունում ակնհայտորեն նենգափոխված են իրադարձությունները. ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջում է հստակ գնահատական տալ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել միության անդամների նկատմամբ ոստիկաննների կողմից բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմա կապակցությամբ՝ դատապարտելով ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը: 

«Փետրվարի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ ակցիա են իրականացրել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ:

Ակցիան կրել է բացառապես խաղաղ բնույթ: Ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում էին պատվիրակության անդամները, պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատվիրակներից պահանջել անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:

Խաղաղ ակցիայի ընթացքը խոչընդոտվել է ՀՀ ոստիկանության կողմից, որի ներկայացուցիչները բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 անձ:

Բերման ենթարկվածների թվում եղել են նաև ակցիային չմասնակցող քաղաքացիներ, պատերազմի մասնակցածներ, իգական սեռի ներկայացուցիչներ և անչափահաս անձ:

Բերման է ենթարկվել նաև աշխատանքային պարտականությունները կատարող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողը:

Ոստիկանական գործողությունների արդյունքում կոտրվել է բերման ենթարկված անձանցից մեկի ձեռքը:

Ոստիկանական ապօրինությունները շարունակվել են նաև բաժանմունքում, որտեղ բերման ենթարկվածների հակաիշխանական վանկարկումներին ի պատասխան, Ոստիկանության աշխատակիցները դիմել են բիրտ ուժի:

Փաստի առթիվ Ոստիկանությունում բոլոր բերման ենթարկվածների դեմ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ Ոստիկանության այսօր տարածված հայտարարությունում ակնհայտորեն նենգափոխված են տեղի ունեցած իրադարձությունները և կատարվածի պատճառահետևանքային կապերը:

ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը, որը գնահատում ենք որպես ՀՀ ներկա իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականության ակնհայտ դրսևորում:

Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոտիկանության փետրվարի 22-ի ակնհայտ ապօրինի գործողություններին»:

Հավելենք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարությամբ խստորեն դատապարտել ոստիկանների կողմից ազատ խոսքի սահմանափակման ու լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու այս խայտառակ դեպքը և իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին: