կարևոր
2533 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-23 16:34

Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումներն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումներն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին՝ վերջինիս 2021 թ․ փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ․ փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ։ Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգովորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները։

ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ՝ նկատելով, որ իշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին։

Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը:

ՀՅ Դաշնակցությանը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES)։ ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին։