կարևոր
2431 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-23 16:13

Տապալելով նիստը՝ քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթը. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երկրորդ անգամ կարևոր հարցի հետ կապված քննարկումը ԱԺ մեծամասնություն կազմող ուժը տապալում է։ ԱԺ-ում այսօր քննարկման դրված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության տապալումից լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին  ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցրեց, որ ՔՊ-ի կողմից տապալված առաջին փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծանն էր վերաբերում։

Տապալելով Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելուՀՀ ԱԺ արտահերթ նիստը՝ քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը. նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«ՀՀ այն քաղաքացիները, որոնք դեռ կասկածում էին, որ այս իշխանությունը որևէ կապ և առնչություն չունի Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերի հետ, սա ևս մեկ փաստ, որ տեսնեն ու համոզվեն»,-ասաց նա։

Հայտարարությունը վերաբերում էր 2021 թ-ի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմաքաղաքական դաշինքը դատապարտող բանաձև ընդունելուն, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ հռչակագիրը վավերացվել էր Ադրբեջանիև Թուրքիայի խորհրդարանների կողմից, նշեց Իշխան Սաղաթելյանը, և ՀՀ Ազգային ժողովն, իբրև առաջնային մանդատ ստացած պետական կառույց, պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել այդ հակահայկական փաստաթղթի վերաբերյալ։

« «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը գրված էր, որ օկուպացված Շուշիում գրված փաստաթուղթն անընդունելի է մեզ համար։ Եվ քաղաքական մեծամասնությունը, առանց որևէ լուրջ փաստարկի բոյկոտեց նիստը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացասական եզրակացություն տվեց այս նախագծին»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ   քաղաքական մեծամասնությունից որևէ մեկն այսուհետ եթե ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախապայման չկա,  երեսպաշտություն և ժողովրդին ձեռ առնելու փորձ կլինի։

ԱԺ փոխնագահը նաև համոզմունք հայտնեց, որ իշխող քաղաքական ուժը հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող փաստաթուղթ է քննարկում․

«Եթե խոսքը Հայաստանի և Թուքրիայի միջև դիվանագիտական հարբերություների մասին լինի միայն, երկար բանակցելու բան չէր լինի։ Եթե այդպես է, թող հայտարարեն, որ երկու երկրի միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, փոխանակվում են դեսպաններ։ Սա է պրոտոկոլը։ Իսկ եթե շարունակում են բանակցությունները, նշանակում է՝ քննարկվում է հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված են լինելու մեր բոլոր շահերը»,-ասաց Սաղաթելյանը։