Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է: Նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը:
Նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Անհրաաժեշտ 54 պատգամավորից գրանցվեց ընդամենը 29-ը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին։
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցում, բայց ոչ ավելի քան 4 ժամ։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին կայացած Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ձեռնպահ քվեարկեցին հայտարարության նախագծին՝ դրանով իսկ մերժելով նախագիծը:
Ինչպես ենթադրվում էր՝ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը: Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը»,- ՔՊ-ական պատգամավորների քվեարկութայնն այսպես էր արձագանքել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք ականատեսը դարձանք մի ամոթալի ու խայտառակ որոշման, որը կայացրեց իշխանությունը։ Որ ասեմ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ ու ակնհայտ թուրքամետ քաղաքականություն ողջունվի իշխող խմբակցության կողմից, նույնիսկ ես չէի պատկերացնի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նախագծի հեղինակ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:
Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: