28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը երեկ՝ փետրվարի 22-ին ստորագրեցին դաշնակցային համագործակցության հռչակագիր։
«Սա, ակնհայտորեն, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ, և, իհարկե, այն հնարավոր դարձավ, այդ թվում՝ արցախյան խնդրի կարգավորման հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ դեռ ամբողջությամբ լուծված չէ, սակայն լուծման հարցում առաջընթաց կա»,- ասել է ՌԴ նախագահը։
Կրեմլը հրապարակել է Փաստաթուղթը: Հռչակագիրը բաղկացած է 43 կետից: Նախաբանում նշվում է, որ «կողմերը ձգտելով բարձրացնել երկկողմ հարաբերությունները որակապես նոր, դաշնակցային մակարդակի վրա, որը լիովին կբավարարի Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների շահերը, կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության ապահովմանը և ամրապնդմանը», ինչպես նաև «անսասան հանձնառություն հայտնելով ընդլայնել համապարփակ և հավասար համագործակցությունը երկու երկրների միջև՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա» հայտարարում են:
Այստեղ ներառված են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են Արցախին ու Հայաստանին.
«6. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի դեպքում, որը, Կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգային շահերի վրա, ինչպես նաև այն դեպքում, եթե առաջացել է նման վտանգ։ Խորհրդակցությունների նպատակն է լինելու իրավիճակի կարգավորումը։
7. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, Կողմերից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք ստեղծում են խորհրդակցությունների մշտական մեխանիզմ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով։
8. Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերը 2020 թվականի նոյեմբերին տարածաշրջանում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հարցում։
9. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և ՌԴ Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9/10, 2021 թվականի հունվարի 11 և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացմանն ուղղված ջանքերին՝ հայտարարություններ, ոռոնք հիմք դարձան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար։
12. Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ:
13. Կողմերը կխորացնեն փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև՝ ներառյալ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների անցկացումը, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը այլ ուղղություններով։
14. Կողմերը, հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, փոխգործակցում են ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցվածության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։
15. Կողմերը կակտիվացնեն ջանքերը զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ:
25. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը զերծ կմնան մյուս Կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց»։
Նշենք, որ պաշտոնական Երևանից դեռևս որևէ արձագանք չկա: Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցութոյւնը հայտարարությամբ արձանագրել է, որ հռչակագրի ստորագրումը հետևանքն է Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած սխալ արտաքին քաղաքականության. «Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ... Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է»,- նշվում է ՀՀԿ հայտարարության մեջ։