կարևոր
1750 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-23 10:28

Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ՝ ՄԻՊ-ի հասցեին. ադրբեջանական ԶԼՄ-ները «տոնում են» Թաթոյանի պաշտոնավարման ավարտը

Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ՝ ՄԻՊ-ի հասցեին. ադրբեջանական ԶԼՄ-ները «տոնում են» Թաթոյանի պաշտոնավարման ավարտը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից, որոնցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ ատելության խոսք ու վիրավորանքներ են ներառված։ Արման Թաթոյանը արձանագրում է.․

«Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Արցախ Պաշտպանի վերջին այցի հետ, իսկ պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն:

Այդ հրապարակումներից որոշները ներկայացնում ենք լուսանկարներով մի քանի օրինակ, որ պարզ լինի ծայրայեղական բառապաշարը՝  սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին «հոգեկան առողջության, գլխի ու այլ հիվանդությունններ» վերագրելուց, «հիստերիա» կամ «գողական», «հոգեպես խանգարված» անվանելուց մինչև սպառնալիքներ:

Այս հրապարակումները նաև պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն:

Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից մահվան բնակիչների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, ապառազմականացված անվտանգության գոտու, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական կոչերի անազնիվ լինելու վերաբերյալ մեր հիմնավորված վերլուծությունները դարձել են ոչ թե պարզապես քննադատության, այլ խորքային վիրավորանքների ու ատելության առարկա՝ միախառնած բազմաթիվ սպառնալիքներով:

Ակնհայտ է, որ չկա պատկերացում կոնկֆլիկտային կամ հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների հաստատության կամ Օմբուդսմանի միջազգային դերի մասին կամ անտեսում են ամեն ինչ. բոլոր հրապարակումներն անխտիր քաղաքական երանգներով են` բավահայտ անհիմն:

Հատուկ եմ արձանագրում, որ անկախ վիրավորանքի ու ատելության այս արշավներից՝ մշտապես եմ բարձրացրել ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների, Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը»,- գրել է Արման Թաթոյանը: