Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Լիտվայում Հայաստանի դեսպան է նշանակվել յոթերորդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին, որի հետևանքով հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում: Բանն այն է, որ 2021 թվականի մարտի 15-ին դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել էր Մերձբալթյան երեք երկրներում դեսպան, սակայն մենք տեղեկացանք, որ դեռ մեկ տարի էլ չանցած՝ միայն հունիսին իր հավատարմագրերը հանձնած դեսպանին Հայաստանը որոշել է հետ կանչել:
Իսկ ինչո՞ւ. որովհետեւ քաղաքական իշխանությունը նախկին պատգամավորին «գործի տեղավորելու» խնդիր ունի։ Դեսպանի պաշտոնում նրան պետք Է փոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը»,-գրում է պարբերականը: «Ժողովուրդը» մեկնաբանության համար դիմել է ՀՀ ԱԳՆ, որտեղից մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով՝ «ՀՀ դեսպանների նշանակման և հետկանչի մասին ԱԳՆ-ն պատշաճ կերպով ու ժամկետներում հանրությանը տեղյակ է պահում»:
Հովհաննես Իգիթյանը ծնվել է 1960թ. ապրիլի 14-ին: 1982թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ: 1980-1982թթ.՝ ԵրՊԻ ռազմական ամբիոնը՝ ստանալով լեյտենանտի սպայական կոչում:1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ: 1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: «Հանրապետություն» խմբակցության անդամ: 1999-2002 թվականներին եղել է Երևանի «Կենտրոն» համայնքի թաղապետարանի իրավախորհրդատու։ 2003-2018 թվականներին՝ Հայաստանում Եվրամիության առևտրի պալատի գործադիր տնօրեն:
2018թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: