«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։ ՔՊ-ականները նախ այն մերժեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ ակտիվ դերը վերապահված էր Գուրգեն Արսենյանին։
Չնայած դրան, ընդդիմությունն իրավունք ունի այն ներկայացնել ԱԺ-ին՝ այս պարագայում արտահերթ նիստ հրավիրելով։ Սակայն Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին, քվորում չապահովել, որպեսզի նիստը չկայանա։
Ի դեպ, կարող էին նիստին մասնակցել եւ մերժել քվեարկությամբ, սակայն քվորումի բացակայության դեպքում անգամ քննարկումներ չեն լինի, եւ հանրությունը չի լսի ընդդիմության փաստարկները, իսկ նորընծա բարեկամները՝ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ հերթական անգամ չեն զայրանա ՀՀ իշխանությունների վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին նշանակված է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու: Նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը:
Փետրվարի 21-ին կայացած Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ձեռնպահ քվեարկեցին հայտարարության նախագծին՝ դրանով իսկ մերժելով նախագիծը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտեցումը ներկայացրեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը հայտարարեց, որ խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է:
«Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր հանձնառությունը և մեկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը»,- ՔՊ-ական պատգամավորների քվեարկութայնն այսպես էր արձագանքել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք ականատեսը դարձանք մի ամոթալի ու խայտառակ որոշման, որը կայացրեց իշխանությունը։ Որ ասեմ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ ու ակնհայտ թուրքամետ քաղաքականություն ողջունվի իշխող խմբակցության կողմից, նույնիսկ ես չէի պատկերացնի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նախագծի հեղինակ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:
Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: