կարևոր
3595 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-22 23:28

Այս սրիկայությունն աննախադեպ էր. ասելու են այսօր թուրքին են պաշտպանել մեր հայրենիքում. Գեղամ Մանուկյան

Այս սրիկայությունն աննախադեպ էր. ասելու են այսօր թուրքին են պաշտպանել մեր հայրենիքում. Գեղամ Մանուկյան

Երիտասարդներն իրենց բնական ընդվզումն են արտահայտել «Մարիոթ»-ի մոտ, կարծում եմ՝ ՀՅԴ ՀԵՄ-ի մի քանի տասնյակ երիտասարդներն ասել են այն, ինչ ողջ հայ ժողովուրդն է մտածում, ուղղակի իրենք են ժողովրդի մտածումն արտահայտել, բայց այս անգամ կարմիր բերետավորների կողմից արդեն սրիկայություն է արվել։ Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Եվրանեսթ»-ի նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ դաշնակցական երիտասարդների բերման ենթարկմանը։

«Նախորդ մեկուկես տարում բազմաթիվ բախումներ են եղել, բռնություն են գործադրել, բայց այս անգամ որոշել են Փաշինյան-Ալիեւ տանդեմին մինչեւ վերջ ծառայել՝ ցույցի մասնակիցների՝ այդ թվում աղջիկների նկատմամբ բռնություն գործադրելով բերել են ոստիկանություն, որտեղ այդ նույն հուզական տրամադրությունը շարունակվել է, հիմա քրեական գործ է հարուցվում, քննություն պետք է լինի։

Այս անգամ արդեն լրատվամիջոցներին են հասել՝ Երկիր Մեդիայի լրագրող Անի Նահապետյանը տարբերանշան է ունեցել, ներկայացել է, սակայն բերման է ենթարկվել։ Նա հանցագործության մասին հաղորդում է տալիս, ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբն է եկել, փաստաբաններ կան նաեւ ներսում։ Բոլոր բերման ենթարկվածների հետ հանդիպեցինք, մեկ-երկուսի մոտ ֆիզիկական ուժի գորադրման արդյունքում հետեւանքներ կան՝ աղջիկների մեկի ձեռքն է վնասվել, այդ ամենը կարձանագրվի»,- հայտնեց պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ նախորդ մեկուկես տարում շատ են նմանատիպ դեպքեր, բայց ոստիկանների գործողությունները, նշում է, աննախադեպ էին այս անգամ։

«Ոստիկանների հետ խոսելիս ասում եմ՝ վերջին 1․5 տարում բազմաթիվ դեպքեր են եղել՝ բերման ենք ենթարկվել, քրեական գործեր են հարուցվել, ըմբռնումով ենք մոտեցել, բայց սա աննախադեպ էր՝ կարմիր բերետավորների այս տմարդի պահվածքն աննախադեպ էր։ Ներողություն եմ խնդրում նրանցից, որոնք մարտի դաշտում են եղել, շատ ոստիկաններ են զոհվել, բայց կարմիր բերետավորները տուն են գնալու, իրենց ընտանիքների անդամներին են նայելու, իրենց ընկերներին են հիշելու, որոնք զոհվեցին, ասելու են՝ թուրքին, Ալիեւին ու Փաշինյանին են պաշտպանում»,- նշեց Մանուկյանը։

Պատգամավորը հայտնեց, որ բերման ենթարկվածները քիչ անց ազատ կարձակվեն։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանները Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդներ, որոնք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնել ընդդեմ Երևան ժամանած ադրբեջանցիների: