կարևոր
3205 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-22 22:51

Պարտավոր չեմ, և չեմ էլ մասնակցելու. Սեյրան Օհանյանի բացառիկ հարցազրույցը «Երկիրն այսօր»-ին

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին իշխանականները որեւիցե կարգավիճակով չեն տեսնի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում: «Երկիրն այսօր»-ին տված բացառիկ հարցազրույցում հաստատել է հենց Օհանյանը:

«Պարտավոր չեմ, և չեմ էլ մասնակցելու, նրանք չեն կարող օբյեկտիվ գնահատական տալ»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Նա պնդում է, որ իշխանականները չեն կարող օբյեկտիվ քննել պատերազմը, որը Արդբեջանը սանձազերծել է նրանց օրոք: Օբյեկտիվության համար նրանք առնվազն պետք է ապահովեին ընդդիմության համաչափ մասնակցությունը: Իսկ ստեղծված հանձնաժողովի նպատակը՝ մեղքը զինվորականների ու, հատկապես, միջին օղակի վրա բարդելն է: Առաջին իսկ օրվանից փորձում են շեղել աշխատանքների ուղղությունը՝ մեղավորությունը բարդել նախկինների, զինվորականների վրա:

Մանավանդ որ այս քննիչ հանձնաժողովում փորձագետների անվան տակ ընտրել են այնպիսի մարդկանց, որոնք որ իրենք պետք է պատասխան տան, որովհետև ռազմական և այլ կառույցներում պատասխանատու անձինք են եղել, թե Հայաստանում, թե Արցախի Հանրապետությունում:

Սեյրան Օհանյանը նաեւ նշել է, որ առաջիկայում «Հայաստան» խմբկացությունը հանդես կգա վերկուսակցական եւ արտախորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որտեղ ներգրավված կլինեն փորձառու մասնագետներ:

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը դեռ անհայտ կարգավիճակով մասնակցում է քննիչ հանձնաժողովի նիստերին, իր վերջին հարցազրույցում նշել է, որ նախկին ու ներկայիս բոլոր բարձրաստիճան զինվորականները պարտավոր են գալ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին՝ միաժամանակ արդեն իսկ սլաքներ ուղղել այլ ուղղությամբ: