կարևոր
3115 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-22 19:23

Հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ. Արցախի խորհրդարանի խմբակցությունները կոչ են ուղղել ԱԺ նախագահներին

Հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ. Արցախի խորհրդարանի խմբակցությունները կոչ են ուղղել ԱԺ նախագահներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցություն  հանդես է եկել կոչով՝ կապված Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի հետ

«Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև նվազող հարաբերությունների ֆոնին ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ, իսկ այսօր այդ պատգամավորները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետի ջերմ ընդունելության համար:

Անհանգստացնող է այն հանգամանքը, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության և լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված անվտանգության, հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքներում մշակութային արժեքների ոչնչացման և մարդու իրավունքների ոլորտում օր օրի վատթարացող հարցերը։

Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր ենք համարում երկու հայկական պետությունների՝ միջխորհրդարանական հանձնաժողովի միջոցով օրենսդիր մարմինների համագործակցության օր առաջ վերսկսումը, որտեղ կքննարկվեն անվտանգային, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին համաչափ ու համարժեք արձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու և բազմաթիվ այլ հրատապ հարցեր:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները՝ կոչ ենք անում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

Ք. Ստեփանակերտ

22 փետրվարի, 2022թ.»: