Այսօր Երևանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամադովը հայտարարեց, թե Արցախի այն հատվածը, որտեղ հիմա ապրում են հայերը, չի գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ հատվածում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ապահովվում է խաղաղապահների կողմից, սակայն Ադրբեջանը հավասար իրավունքներ է տալիս բոլորին, Արցախում ապրող բոլոր մարդիկ կարող են օգտվել բոլոր ծառայություններից։ Նա հավելեց, որ պատվաստման ադրբեջանական ծրագիրը կիրականացվի այդ թվում նաև Արցախում։
Ադրբեջանցի պատվիրակի այս հայտարարությունից հետո հայկական պատվիրակության անդամները կոշտ արձագանք տվեցին ադրբեջանցուն.
«Ինձ ապշեցրեց այն, ինչ այստեղ լսեցի՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հանդեպ հոգատարություն, պատվաստում․․․Իհարկե իրենք կիրառել են ռումբեր՝ որպես հոգատարություն։ Կուզենայի, որ իրենք մտածեին կորոնավիրուսի մասին, ինչպես նաև Ստեփանակերտի հոսպիտալի մասին, այն պացիենտների մասին, ովքեր համբերատար կերպով սպասել են բուժման։
Երեսպաշտության դասական օրինակ է՝ խոսել Քովիդի մասին այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր դրա դեմ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց դադարեցնել կրակը ամբողջ աշխարհում։ Սա շատ հետաքրիր է․․․ Շատ հետաքրքիր է․․․ կրկնեք․․․»։
Խաչատրյանը հիշեցրեց նաև Սումգայիթից ու Ադրբեջանի այլ հատվածներից հեռացած հայերի մասին՝ հիշեցնելով, որ 1988 թվականին Սումգայիթում հայ բնակչությունը ենթարկվեց ամբողջական ոչնչացման։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ Արցախի այդ հատվածը վերահսկվում է Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմինների կողմից՝ նախագահ ու մյուս կառույցների։ Մամիջանյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղել են միակ երկրները, որոնք խախտել են հրադադարի ռեժիմը պանդեմիայի ժամանակ։
Պատգամավոր Արթուր Ղազինյանն ադրբեջանական պատվիրակի հայտարարությունը ծիծաղելի համարեց։ Ղազինյանի խոսքերով, Արցախի ժողովրդի մասին հոգատարության վերաբերյալ խոսում է մի մարդ, ում երկիրն արգելված զենք է օգտագործել, այրել է անտառները, իրականացրել է ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ։