Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այսօր մեծ վտանգ է սպառնում Սյունիքին, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Սյունիքն է։ այս մասին Արայիկ Հարությունյանն ասաց Արցախում՝ նախագահի նստավայրում, Հայաստանից ժամանած «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:։
Մասնավորապես 168.am-ը հարց է տվել, թե ինչպե՞ս է պատկերացնում «խաղաղության դարաշրջանի» բացումը, երբ Արցախի 75 տոկոսն Ադրբեջանի կողմից օկուպացված է։ Պատասխանելով ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ հարցին՝ Հարությունյանը նշել է. «ես չեմ տեսնում այդ «խաղաղության դարաշրջանը»:
Ինչ վերաբերում է Արդբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքմանը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, Արայիկ Հարությունյանը նկատեց. «Արցախի խնդիրը չեմ ուզում կապել «խաղաղության պայմանագրի» հետ, մեզ այս փուլում իմաստնություն է պետք, իսկ Հայաստանի խնդիրն այսօր Սյունիքի պաշտպանությունն է»։
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը, սակայն սա չի նշանակում, որ Արցախն իր ռեսուրսները սպառել է։
«Պետք է հիմնենք ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, այդ ամենն իրականացնելու համար ունենք հնարավորությոններ»,-
Միաժամանակ նա ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ հազարավոր արցախցիներ կորցրել են իրենց տները, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք տուն ունենան։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նկատեց, որ առնվազն 3 տարում պետք է կառուցվի 7000 բնակարան։
Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչները Արցախում էին փետրվարի 18-20-ը։ Օրը պատահական չէր ընտրված, քանի որ 34 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, արցախահայությունը ոտքի կանգնեց իր իրավունքները պաշտպանելու համար։ Նրանք Արցախից հատուկ ուղերձ հնչեցրեցին՝ ուղղված հայությանը։