Այս պահին Մոսկվայում ընթանում են Պուտին-Ալիև բանակցությունները: Հանդիպմանը ՌԴ նախագահը նշել է, որ Արցախի հարցում կան վեճեր: Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Աշխատելու բան կա, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ գործընթացը խաղաղ ընթանա: Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ»,-նշել է Պուտինը:
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտին-Ալիև հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում:
Բացի այդ, կդիտարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված համաձայնագրերի իրականացումը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
«Բանակցությունների արդյունքներով դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։