կարևոր
2572 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-22 15:05

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, հաջորդ նիստը նշանակվցե մարտի 1-ին

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, հաջորդ նիստը նշանակվցե մարտի 1-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտարարեց՝ իրեն առաջադրված մեղադրանքն անհասկանալի է։

«Փաստաբաններին միշտ ասում եմ՝ ինձ բացատարեք՝ ինչի մեջ են ինձ մեղադրում, որովհետև նկարագրված չէ որևէ գործողություն, թե ես ինչ եմ արել։ Ինչ-որ մեղադրանքներ են, բայց, թե ես ինչ դերակատարություն եմ ունեցել, անհասկանալի է։ Իմ փաստաբաններն ինձ ասում են՝ մենք էլ չենք հասկանում», - հայտարարեց Քոչարյանը։

«Հարգե՛լի դատարան,  ինձ համար  այդ ձևակերպումներն անհասկանալի էին  հենց մեղադրանքն առաջադրելու պահին․ երբ քննիչին ասացի՝ այս կամ այն կետն ի՞նչ է նշանակում, այս բառն ու նախադասությունը, լիազորության շրջանակի մասին, քննիչն ասաց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու, և նշեց, որ  եթե ես համաձայն չեմ, ուղղակի գրեմ, որ համաձայն չեմ։ Այս ամբողջ ընթացքում, բազմաթիվ հրապարակային ելույթներում նաև, ասել եմ՝ չեմ հասկանում, թե  ինձ ինչի մեջ են մեղադրում․ դա գաղտնիք չէր։ Ինչո՞ւ եմ սրա մասին ասում․ որովհետև  Դուք ինչ-որ ակնարկ արեցիք մի անգամ, որ ժամանակին պետք է Ձեզ պարզաբանած լինեին։  Փաստաբաններին միշտ ասում էի՝  ինձ բացատրեք՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում , որովհետև նկարագրված չէ որևէ գործողություն, թե՝  ինչ եմ արել։ Եվ իմ փաստաբաններն ասում են, որ իրենք էլ չեն հասկանում․․․»,-  դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով Աննա Դանիբեկյանին։

«Հիմա իմ վիճակը․ փաստաբանները չեն հասկանում, և չհասկանալով պետք է ինձ պաշտպանեն։ Քննիչը համարել է, որ ինքն այդ պարտականությունը չունի․ երբ Դուք հարցը տվել եք ինձ ՝ «հասկանալի՞ է, թե՞ չէ», եթե Դուք  պարզաբանելու պարտականությունը չունեք, ինչի՞ եք ինձ այդ հարցը տալիս․ կամ այս դահլիճում եթե որևէ մեկը պարտականություն չունի ինձ պարզաբանելու, ինչի՞ եք այդ հարցը տալիս։ Ենթադրում եմ՝ օրենքի պահանջ է, ուրեմն կա այդ օրենքի բաց։ Եթե հարցը տալիս եք, ենթադրվում է , որ պատասխան պետք է լինի, բայց պատասխան չկա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն ներկայացրեց. պաշտպանը պահանջում է կասեցնել այս գործի վարույթը, մինչև ՍԴ-ն որոշում կկայացնի։

 Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, թե միջնորդությունը բացարձակ հիմնավորված չէ ու ենթակա է մերժման։ Միջնորդության քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհդակցական սենյակ

Հիշեցնենք, որ պաշտպանները միջնորդել են դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Դատարանը հեռացավ խորհդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 1-ին, ժամը 13։00-ին։