կարևոր
3100 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-22 09:52

Ժամը 12:00-ին կլինեմ Համալիրի մոտ. հավաքվում ենք, որ այս երկիրն ապրելու իրավունք ունենա

Ժամը 12:00-ին կլինեմ Համալիրի մոտ. հավաքվում ենք, որ այս երկիրն ապրելու իրավունք ունենա

Այսօր` փետրվարի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում են Եվրանեսթի հանձնաժողովների նիստերը: Նիստերին մասնակցում են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ: Ադրբեջանցիները Հայաստան են եկել Եվրանեսթի նիստին մասնակցելու համար։ Նրանք երեք հոգի են՝ երկու պատգամավոր և մեկ ուղեկցող անձ։

Ադրբեջանցիների այցի և եվրոպական կառույցների շարունակական լռության դեմ երեկ և այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպվում: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլորին միանալ փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին.

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել՝ հայտնելով, որ այսօր մասնակցելու է Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվելիք բողոքի ակցիային։ «Ադրբեջանցիների՝ մեր մայրաքաղաք ժամանելը ավելի քի՞չ էմոցիա առաջացրեց, քան ալենի մեջքի ֆոտոն։ Հե՞շտ ա ծաղրել նրան, ով օր ու գիշեր «ծաղրած ունի» բոլորիս արժանապատվությունը։ Ծաղիկներ տարե՞լ են դիմավորելուց։ Հիմա էլ հանգիստ ճաշո՞ւմ են չէ։ Իմացա, որ բողոքի ակցիա է լինելու: Ժամը 12:00 ես կլինեմ Համալիրի մոտ: Որ հետո չամաչեմ ստեղծագործելուց, քաղաքում քայլելուց, ուղղակի ապրելուց»,- գրել է ռեժիսորը։

Հաայստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ գրել է. «Աշխարհն աշխարհով, մենք՝ մեր սարերով։ Հերոսածին ծնողներ, ով կարող է, ով ի վիճակի է։ Ժամը 12 ին հավաքվում ենք մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ։ Ինչո՞ւ ենք հավաքվում. հավաքվում ենք, որ այս երկիրն ապրելու իրավունք ունենա»։

Ավելի վաղ երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը հայտնել էր, որ չի կարող չընդվզել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցին։ «Ընվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով ` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»...Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի...Մենակ չենք լինի...»,- գրել է Ամալյանը: