կարևոր
4486 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 22:49

Եվրանեսթի վաղվա նիստում արտահերթ հարց է ներառվել. Ուկրաինայի թեմայով հակառուսական հարց է դրվելու քննարկման

Եվրանեսթի վաղվա նիստում արտահերթ հարց է ներառվել. Ուկրաինայի թեմայով հակառուսական հարց է դրվելու քննարկման

Վաղը Երևանում մեկնարկող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) բյուրոյի և հանձնաժողովների նիստերին, որոնց կմասնակցեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպական միության խորհրդարանի անդամները,  քննարկման կդրվի հակառուսական հարց, որը մինչ այդ չէր ներառվել հաստատված օրակարգում:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վաղը Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի և Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի համատեղ անցկացվող նիստում արտահերթ կարգով  քննարկման է դրվելու «Ռուսական զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմանին. ռուսական սպառնալիքները եվրոպական անվտանգությանը» հարցը:

«Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունները դիվանագիտական անհեռատեսություն կամ դիտավորություն են ցուցաբերել, թույլատրելով Երևանում նման հարցի քննարկում, որը ի դեպ, նախատեսված չէ Եվրանեսթի հանձնաժողովների նիստերի օրակարգով ու կանոնադրությամբ քննարկվում եմ տարբեր զեկույցների նախագծերը: Այս պարագայում օրակարգում ավելացվել է մի հարց, որը քննարկումը հայկական կողմը կամ չի ցանկացել կամ չի կարողացել կանխել՝ հատկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների լարման այս փուլում և Ադրբեջանի նախագահի ՌԴ այցի և ստորագրվելիք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի համատեքստում:

Հարց է առաջանում, եթե հնարավոր է օրակարգում ներառել հրատապ հարցեր, որոնք դուրս են հանձնաժողովների հաստատված օրակարգային հարցերից, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի օգտվում այդ հնարավորությունից և օրակարգ հրատապ կարգով չի ներառում հայ ռազմագերիների հարցը»,- գրում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում անցկացվում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին մասնակցում են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ: Ադրբեջանցիները Հայաստան են եկել Եվրանեսթի նիստին մասնակցելու համար։ Նրանք երեք հոգի են՝ երկու պատգամավոր և մեկ ուղեկցող անձ։