ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ավարտվել է 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական հանցանքների վերաբերյալ նոր ապացույցների հետազոտությունը։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ դրանց հիման վրա պատրաստվել են հաղորդումներ` իրավազորություն ունեցող պետությունների դատախազություններ ու ոստիկանություններ, ինչպես նաև ԱԳՆ–երին ուղարկելու համար։ Հաղորդումները կներկայացվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն):
Միայն խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների փաստերով զեկույցում ներգրավվել է 245 տեսանյութև 120 լուսանկար:
Դրանք ապացուցում են ռազմագերիների, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանությունների, խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի, այդ թվում` գլխատումների, մարմնի մասերը կտրելու, սպանվածների մարմինների անարգանքի փաստերը։
Ներկայացված են նաև կրոնական պատկանելիության հիմքով զինծառայողների ու քաղաքացիական անձ գերիների խոշտանգումների փաստեր, եկեղեցիների ոչնչացման ու պղծման, դրանց պատկանելիության վերացմանն ուղղված քաղաքականության, ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարման ու դրանով ազգամիջյան թշնամանքի հրահրման ու խրախուսման դեպքեր։
Նշվում է նաև գերիների հայրենադարձն արհեստական ձգձգելու քաղաքական հաշվարկների ու դրանով նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու հանգամանքը։
Հավաքված փաստերը վկայում են նաև արգելված կասետային զինատեսակներով քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական բնակավայրերի ավերման, քիմիական զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառման, Արցախի դեմ պատերազմում ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործման հանգամանքները։
Զեկույցում ներկայացված է նաև COVID-19 համավարակի պայմաններում պատերազմ սանձազերծելու, Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգերը կաթվածահար անելու միջոցով մահվան դեպքերի շեշտակի աճին նպաստելը։
Հաղորդման մեջ նշված են նաև, թե ադրբեջանական կողմի որ մարմիններն ու կոնկրետ որ պաշտոնյաներն են կատարել հանցանքները։
Տեսանյութերն ադրբեջաներենից կամ ռուսերենից (որոշ տեսանյութերում ադրբեջանական զինվորականները խոսում են ռուսերեն) թարգմանվել են, անգլերեն կամ ռուսերեն, ամրագրվել են տեսանյութերին` ենթագրերի (subtitles) տեսքով, համակարգված վերլուծվել են, և այդ ամենին կցվել են մի քանի հարյուր էջ հասնող ՀՀև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (Ruben Melikyan, Artak Beglaryan, Gegham G. Stepanyan) 2016-2022թթ. անգլերեն զեկույցները:
«Սա իմ երկրորդ հաղորդումն է պատերազմից հետո: Այս անգամ մի փոքր այլ ճանապարհով ենք գնացել: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Ամեն դեպքում, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության՝ ի նպատակ դրանց կանխարգելման: Բոլոր նյութերը կուղարկվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն):
Այս աշխատանքները կատարվել են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի ու փորձագետների, մեր գործընկերների ջանքերով՝ բոլորս միասին»,- ամփոփում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: