կարևոր
2857 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-21 21:21

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է. աշխարհում հաշվվում է մոտ 7.000 լեզու

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է. աշխարհում հաշվվում է մոտ 7.000 լեզու

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի 1999 թվականի նոյեմբերին:

Օրը նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։  Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուն կորստի մատնվելու եզրին է։ 

Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մոտ վաթսուն տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջանից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։ Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։

1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։  Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։

Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Այս իրադարձությունների հիշատակին 1999 թվականին նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։

Հետաքրքիր փաստեր աշխարհի լեզուներից.

  • Հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է: Հայերենն ունի 60-ից ավելի բարբառ: Հայոց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին:
  • Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
  • Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:
  • Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզվով:
  • Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:
  • Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:
  • Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:
  • Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:
  • Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:
  • Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:
  • Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:
  • Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
  • Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:
  • Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:
  • Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:
  • Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:
  • Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզվով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
  • Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից: