ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն այսօր հեռավար ձեւաչափով աշխատանքային քննարկում է ունեցել Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:
Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար:
Նշելով, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ փորձությունների միջով է անցել, Սաաղթելյանը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նոր ցեղասպանությունների կանխման համար։ Դաշնակցությունը մեծ վերապահումով է մոտենում այդ հարցին, քանի որ մենք դեմ ենք նախապայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ Թուրքիայի կողմից միշտ եղել են նախապայմաններ: Դրա վկայությունն է նաեւ Շուշիի հռչակագրի ընդունումն իրենց խորհրդարանների կողմից»,- նշել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Ավստրալացի պատգամավորների դիտարկմամբ՝ հայ-ավստրալական բարեկամությունը երկար պատմություն ունի, իսկ երկու երկրներն էլ՝ շատ ընդհանրություններ: Նշեցին, որ եղել են Հայաստանում եւ հետաքրքրված են Արցախով եւ Հայաստանով: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը՝ կանխելու համար նման գործողությունների իրականացումը:
Քնարկել են հայ-ավստալական կապերի զարգացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: