կարևոր
3652 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 17:35

Հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի. Վարդևանյան

Հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի. Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևի այն հայտարարությանը, թե հետախուզում են հայտարարել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ.

«2020 թվականի սեպտեմեբերի 29-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հատկանիշներով: Դատախազության հայտարարություններից մեկում նույնիսկ նշվել էր «ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը» եզրույթը, ինչը ենթադրում է, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում կոնկրետացվել են քրեական գործով անցնող անձանց շրջանակը:

Այսօր միջազգային հումանիտար հնարավոր ու անհնարին հանցանքներ գործած ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ Հայաստանի օրվա իշխանությունների ոճով որոշել է հետապնդում սկսել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դեմ: Ինքնին այդ հայտարարությունը հոգեբանական բարդույթի և վախի հերթական դրսևորումից բացի, իրավական որևէ բաղադրիչ չունի: Ցանկացած իրավաբանի համար այն ծիծաղելի է: Այլ հարց է, որ հենց ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՓԱՍՏԱԳՐՎԱԾ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, որոնք քրեորեն հետապնդելի են: Ավելին հպարտացել է դրանցով:

Ելնելով վերոգրյալից՝ ցանկացած Հայի համար տրամաբանական է, որ պետք է լինի Գլխավոր դատախազության հայտարարությունը ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ թվում իլհամ ալիևի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասով»:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից արձագանքել են ադրբեջանական այս հայտարարությանը՝ նշելով, մի դեպքում, որ «Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից» և «հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը»: