կարևոր
2602 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 16:56

Զրպարտության քրեականացումն առոչինչ պետք է համարվի. դա խայտառակություն է. Շուշան Դոյդոյան

Զրպարտության քրեականացումն առոչինչ պետք է համարվի. դա խայտառակություն է. Շուշան Դոյդոյան

Զրպարտության դեմ գործող քրեական պատասխանատվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում առոչինչ պետք է համարվի, որը խայտառակություն է, և այդ խնդիրը հաղթահարվել էր դեռ 12 տարի առաջ: Հանրային լրագրության ակումբում «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» կատարման ընթացքի գնահատման շրջանակներում հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

«Թվում էր, թե հետհեղափոխական Հայաստանում պետք է դրական միջավայր ձևավորվեր տեղեկատվության ազատության հարցում, բայց, նաև օբյեկտիվ պատճառներով՝ համավարակ, պատերազմ և խիստ լարված արտաքին և ներքին քաղաքական ճնշումներ, նպաստեցին, որպեսզի այս անհանգստացնող երևույթները խորանան: Վերջին 1-2 տարիներին Հայաստանում աննախադեպ բացասական օրենսդրական և իրավական կարգավորումներ են ընդունվել և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի կողմից, որոնց մի մասը կյանքի կոչվեցին»:

Դոյդոյանի խոսքով՝ հասարակությունը պրակտիկայում տեսավ աննախադեպ սահմանափակումներ:

«ԱԺ-ում կիրառվում է լրագրողների ֆիզիկական մատչելիության սահմանափակում, անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ուժի գործադրմամբ դուրս են վռնդում լրագրողներին իրենց համար հատուկ հատկացված տեղերից»,- հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահը:

Խոսելով պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման թերություններից՝ Դոյդոյանը նշեց.

«Երբ քաղաքացին չի ստանում հայցված տեղեկատվությունը, կամ այն ստանում է ժամկետանց ու լղոզված՝ չգիտի ինչ անել»,- ասաց Դոյդոյանը և տեղեկացրեց, որ դիմողն այդ դեպքում կարող է վարչական բողոքարկման անցնել, բայց այն անարդյունավետ է, որովհետև մարմնի ղեկավարը, որպես կանոն, ուժի մեջ է թողնում իր ստորադասի որոշումը և դրանից հետո միակ եղանակը մնում են դատարանները, որոնք թանկ են, երկարաժամկետ և փաստացի չեն նպաստում խախտված իրավունքների վերականգնմանը:

Շուշան Դոյդոյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորված չէ արտադատական համակարգը, որին քաղաքացիները և լրագրողները կարողանան վստահել իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցը:

«Տեղեկատվության ոլորտում լավագույն փորձը և եվրոպական ստանդարտն այն է, որ յուրաքանչյուր երկրում առկա լինի անկախ, անաչառ արտադատական մեխանիզմ, որն արագ և սեղմ ժամկետներում անվճար քննում է տեղեկատվության ազատության  ոլորտում առկա վեճերը և տալիս արդար որոշումներ»,- ասաց բանախոսը: 

Ըստ Դոյդոյանի՝ արտադատական մարմինը կարող է լինել հանձնակատարը, կամ հանձնաժողովը: Նկատելով, որ նման գործառույթ իր վրա կարող է վերցնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահը շեշտեց, որ այս դեպքում ՄԻՊ որոշումները պարտադիր չեն կատարման համար, այլ խորհրդատվական բնույթ ունեն:

«Դեկտեմբերին ունեցել ենք ՄԻՊ որոշումը, որ տեղի է ունեցել վարչական մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տեղեկատվություն ստանալու մարդու իրավունքի խախտում, բայց այն որևէ կողմի համար որևէ իրավական հետևանք չի ունեցել՝ ոչ քաղաքապետարանն է ի գիտություն ընդունել և կատարել ՄԻՊ-ի որոշումը, ոչ էլ այն օգնել է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը իրացվի կյանքում»,- տեղեկացրեց նա: 

Շուշան Դոյդոյանը հայտնեց, որ դեռ 20 տարի առաջ, երբ քննարկման փուլում էր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որպես համահեղինակ իրենք առաջարկել էին, որ ստեղծվի տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանի ինստիտուտը, բայց մինչ օրս պատճառաբանվում է, որ Հայաստանը փոքր է և չունի համապատասխան միջոցներ այդ ինստիտուտը ստեղծելու և պահպանելու համար: Ըստ նրա՝ Հայաստանում կարող է կիրառվել բրիտանական մոդելը, որտեղ տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը քննվում և դիտարկվում են մեկ լիազոր մարմնի՝ Տեղեկատվության ազատության հանձնակատարի լիազորության շրջանակներում:

«Պետական մարմինը չի կարող իր առաջ դրված ռազմավարական խնդիրները լուծել, եթե թափանցիկության և հաշվետվողականության ոլորտում թերանում է: Բարձր հաշվետվողականությունը վկայում է, որ պետական մարմնում ամեն ինչ կարգին է, մեխանիզմն աշխատում է, իսկ եթե փորձում են ինչ-որ բան թաքցնել, խուսափել հասարակության հսկող աչքից, ապա այն նշանակում է, որ ինչ-որ բան կառույցում այն չէ»,- ամփոփեց Ինֆորմացիայի ազատության կենտորնի նախագահ Շուշան Դոյդոյանը: