կարևոր
2824 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-21 14:14

Այժմ էլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել

Այժմ էլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևին։

Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Թաղիևն ասել է, թե 1988 թվականի փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը, «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն սերմանելու նպատակով քաղաքի հիմնարկներում և հաստատություններում ազգությամբ հայ աշխատողների հավաքներ էին անցկացնում»։

«Քանի որ նրանք քարոզում են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին, և այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, ինչպես նաև կոչ են անում վտարել ադրբեջանցիներին այս տարածքից, հրկիզել նրանց տները, քերական պատասխանատվության են ենթարկվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով  և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- ասել է Թաղիևը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ էին հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ «միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ»։

Ինչպես նշել էր գերատեսչությունը, հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին։

։