«Պարո՛ն Արսենյան, մեկ նախադեսության մեջ հինգ անգամ խաղաղություն բառն արտասանելով, խաղաղության չեն հասնում։ Երբ դուք խոսում եք, որ խաղաղության, կայունության օրակարգով եք գնում, և փաստացի ուզում եք պնդել, որ դատապարտող հայտարարությունը կամ խորը մտահոգություն արտահայտող այս մեկ բանաձևը խաթարելու է խաղաղությունը Ձեր պատկերացմամբ, ապա այդ համատեքստում չի՞ խաթարում արդյոք Շուշիի հռչակագիրը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»։ Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երբ որոշում է կայացրել չդատապարտել «Շուշիի հռչակագիրը», ըստ էության, կողմ է հռչակագրին, կողմ է նրան, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, կողմ է որպեսզի «Զանգեզուրյան միջանցքն» իրականություն դառնա, կողմ է, որպեսզի Հայաստանը հետ կանգնի ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ այսքան բացահայտ քաղաքականություն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ուղղակի դժվար էր պատկերացնել նույնիսկ ՔՊ-ի պարագայում, բայց այս ամենն արդեն իրականություն է։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման վերջում ՔՊ անդամներն ձեռնպահ քվեարկեցին թուրք-ադրբեջանակն հռչակագիրը դատապարտող հայտարարություն ընդունելուն. կողմ քվեարկեց հանձնաժողովի ընդդիմադիր 4 պատգամավոր, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 պատգամավոր ձեռնպահ մնաց։ Նախագիծն, այնուհանդերձ, ընդգրկված է փետրվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:
Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: