44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր աշխատանքային քննարկում է անցկացնում:
Նիստին մասնակցում են անհետ կորածների ու զոհվածների ծնողների կողմից պատվիրակված անդամներ Արտակ Գասպարյանն ու Գարիկ Մխիթարյանը: Նրանք ունեն անկախ խորհրդատուների կարգավիճակ։ Քոչարյանը հայտնեց, որ ներկա է նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ներկա է նաև իրավաբան Նորայր Նորիկյանը։
Նիստերի ժամանակ տեսախցիկները միշտ միացված են լինելու, որևէ դրվագ չի կորելու, սակայն նիստերը փակ են լինելու, հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի առաջին նիստը կայացավ փետրվարի 14-ին, որի մեկնարկին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամ պատգամավորները կրկին վերահաստատեցին հանձնաժողովի նիստերին չմասնակցելու իրենց հայտարարությունը և լքեցին նիստը: Ընդդիմադիրների համոզմամբ՝ գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության նախաձեռնությամբ է ստեղծվել այս հանձնաժողովը: Հանձնաժողովի լիազորությունները իրականացնում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանված է 6 ամիս:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները, և որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։