կարևոր
3094 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-21 12:00

Սրանով իշխանությունն սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարոն Արսենյան, Դուք ի վերջո ընդունելի՞ եք համարում Շուշիի հռչակագիրը, թե՞ անընդունելի, այս հարցն է, որ այս հայտարարությամբ դրված է, մնացած բոլոր արտահայտությունները կարելի փոխել, բայց ամենակարևորն է՝ Շուշիի հռչակագիրը ՀՀ-ի համար ընդունելի՞ է, թե ՝ ոչ: Ձեր միասնական քաղաքականության հիմքում ո՞ր տեսակետն է ընկած։ Այս մասին ԱԺ-ում քննարկմանը ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին հարց ուղղեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, երբ ՔՊ հայտնեց, որ չի միանալու հայտարարությանը:

«Մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ընձեռել իշխանությանը, որ համատեղ հանդես գանք մեր պետական ազգային շահերը պաշտպանելու համար: 

Հռչակագիրն ամբողջությամբ Հայայստանի և Արցախի դեմ ուղղված փաստաթուղթ է, դրա դեմն առնելու մի հայտարարության տեքստ ենք բերել, ասում ենք եկեք համատեղ անենք, մի նախադասություն պահպանենք, որտեղ գրված է՝ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, մնացածը ինչ ուզում եք, արեք: Իսկ եթե դուք սա էլ չեք ընդունում, այլևս ինչ քաղաքականության մասին է խոսքը»,- նշեց Ռուստամյանը: 

Ռուստամյանն ընդգծեց՝ այո, Թուրքիան ու Ադրբեջանը բացառիկ օրինակ են ցույց տալիս, թե ինչպես կարելի է օրենսդիրով ու գործադիրով միասնական քաղաքականություն վարել ու դա էլ անում են։

«Մեր խորհրդարանը, եթե դրան չարձագանքի, հիմնավոր կասկած է առաջանում, որ մենք ուղղակի սպասարկում ենք թուրք-ադրբեջանական շահերը, ուրիշ եզրակացություն չի բխելու։ Սթափվեք, եթե դուք սխալ քվեարկեցիք ու չմիացաք այդ ձևակերպմանը, դուք ուղղակի առիթ եք տալու, որ ողջ հայությունը գա այն եզրակացության, որ դուք սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը», – նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, սուվերենը ձեզ տվե՞լ է իրավունք համաձայնել թուրք-ադրբեջանական համաձայնագրին. Ռուստամյանը հարցադրումն ուղղեց Արսենյանին և ասաց, թե այդ դեպքում  հայտարարեք, որ ընդունելի է «Շուշիի հռչակագիրը» ձեզ համար.

 «Վավերացրեք «Շուշիի հռչակագիրը, վերջանա գնա», - ասաց պատգամավորը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման վերջում ՔՊ անդամներն ձեռնպահ քվեարկեցին թուրք-ադրբեջանակն հռչակագիրը դատապարտող հայտարարություն ընդունելուն. կողմ քվեարկեց հանձնաժողովի ընդդիմադիր 4 պատգամավոր, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 պատգամավոր ձեռնպահ մնաց։ Նախագիծն, այնուհանդերձ, ընդգրկված է փետրվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: