կարևոր
2914 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-21 10:15

Ադրբեջանն իր հայտարարությամբ հետապնդում է վախ առաջացնելու հանցավոր նպատակ. Թովմասյանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում

Ադրբեջանն իր հայտարարությամբ հետապնդում է վախ առաջացնելու հանցավոր նպատակ. Թովմասյանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը առանձին նամակներով դիմել է միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի բացարձակ անթույլատրելի վարքագիծը Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահի ինստիտուտի նկատմամբ։ Պատգամավորը հայտնում է.

«Օրերս Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչը, պատճառաբանելով Գյանջայի վրա հրթիռային հարձակման ինչ-որ պատմություն, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին։

Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը հրթիռային հարձակումների մասին է խոսում այն դեպքում, երբ Ադրբեջանը, խախտելով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները։

Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի խաղաղ բնակչությանը պատերազմ պարտադրած պետության իշխանության ներկայացուցիչը հայտարարում է ինքնապաշտպանություն իրականացրած պետության լեգիտիմ նախագահի դեմ քրեական գործեր հարուցելու մասին, որը հետապնդում է Արցախի բնակչության շրջանում վախ առաջացնելու հանցավոր նպատակ։

Արցախի Հանրապետության նախագահը ներկայացվում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ» այն դեպքում, երբ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ի բնակչության հանրաքվեով ամրագրվել է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ԽՍՀՄ օրենսդրությանը։

Ադրբեջանի հանցավոր գործողությունները շարունակվելու են, քանի դեռ չեն գործադրվել համապատասխան պատասխանատվության մեխանիզմներ»,- ամփոփել է Թագուհի Թովմասյանը։