ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը:
Նախագիծն ընդգրկված է փետրվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի զեկուցող Անդրանիկ Թեւանյանը նշել է. «Շրջանառության մեւ դրված հայտարարության նախագծով առաջարկվում է գնահատական տալ հռչակագրին, որովհետեւ այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի եւ Արցախի դեմ: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ պաշտոնապես մասնակցեց կռվին, հիմա ցանկացած սադրանքի դեպքում կարող են հանգիստ միջամտել, որովհետեւ արդեն ռազմաքաղաքական դաշինք ունեն։ Հռչակագիրը նաեւ ցույց է տալիս այդ երկրների ծավալապաշտական նկրտումները Զանգեզուրի միջանցքի հանդեպ, Հայոց ցեղասպանության հարցն էլ դուրս է գալու Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ դառնալու է բացառապես պատմաբանների քննարկումների թեմա: Այս ամենին իշխանությունը պարտավոր է արձագանքել»:
Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունմամբ պետությունն իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի ընդունված հռչակագրի նկատմամբ:
«Մենք պարտավոր ենք այս ամենին արձագանքել: Այդպիսիով մենք ցույց կտանք, որ ունենք անվտանգային կարմիր գծեր, որոնք չենք զիջելու։ Եթե Թուրիքան եւ Ադրբեջանն հռչակագիր են վավերացրել, որոնք ակնհայտ դեմ են Հայաստանին եւ Արցախին, մենք ինչպե՞ս կարող ենք չարձագանքել»,- հավելել է Թեւանյանը:
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում: Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:
Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: