կարևոր
3214 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-20 22:31

Արցախը եղել է ու կլինի հայկական, թեկուզ և հազարավոր պայքարների գնով. Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

Արցախը եղել է ու կլինի հայկական, թեկուզ և հազարավոր պայքարների գնով. Արցախի թեմի առաջնորդի ուղերձը

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը Արցախի Վերածննդի օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախը նշում է իր վերածննդի ընթացքում կարևոր դերակատարություն ունեցող օրերից մեկը՝ փետրվարի 20-ը։

Այդ օրը 1988թ․ ԼՂԻՄ մարզային խորհրդի՝ Արցախը ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ-ին միանալու պատմական որոշումը ինքնանպատակ չէր և ոչ էլ զգացմունքային մի պոռթկում։ Այն մեր ժողովրդի ինքնագիտակցության բարձրագույն դրսևորումն էր և պատմական հայրենիքում ազատ ապրելու Աստվածաշնորհ իրավունքների պաշտպանությունը։ Սեփական ճակատագիրը որոշելու օրինական և բարոյական իրավունքները իրացնելու մեր հստակ դիրքորոշումը բնականաբար հանդիպեց բուռն դիմադրության Ադրբեջանի կողմից և վերաճելով հանգեցրեց արյունալի պատերազմի։ Բայց, ինչպես տեսանք, մեր ժողովուրդը իր նվիրյալ զավակների արյունով ևս մեկ անգամ ստորագրեց ու ամրագրեց փետրվար 20-ի հռչակագիրը։

Պատմական անդրադարձը մեզ միշտ հուշում է, որ հաղթանակը տրվում է միասնության պարագային, ինչպես 1988թ-ին էր, երբ հազարավոր մարդիկ փողոցում, ձյան տակ սպասում էին այդ պատմական որոշմանը, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը և միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցներին ցնծությամբ ողջունեցին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը: Այն շարժառիթ դարձավ աշխարհի հայությանը միավորելու, ևս մեկ անգամ ազգային զարթոնքի ոգեկոչման։

Մինչև 2020թ․ պատերազմը, իրապես փետրվարի 20-ը մեզ համար եղել է հերոսական մի որոշման և դրան տեր կանգնելու ամուր կամքի մի հանգրվան, այն եղել է ապրող և գործող իրողություն։ Իսկ այսօր, երբ կարծես թե ճակատագրական այդ որոշումը դարձել է միայն պատմության սեփականություն և դրա արդյունքներն էլ արդեն կորսվել են, միթե անիմաստ է հիշելը և վերարժևորելը։

Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք պետք է հասկանանք այն պարզ ճշմարտությունը, որ մեր պայքարը հավիտենական պայքար է, որը Հայկ Նահապետից սկսյալ ուղեկցել է մեզ դարերի ընթացքում։ Այս պարտությունը ընդամենը մի ճակատամարտ էր այդ շղթայում։ Այս համատեքստում միշտ էլ արդիական է ամեն մի հերոսական դրվագի հիշատակն ու վերարժևորումը։ Ուստի այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք նորից վերադառնալու այն կետին, որից սկսվել էր Արցախյան փառահեղ շարժումը։ Այդ կետը 1988-ի փետրվարի 20 էր։ Մենք պետք է նորից փորձենք վերագտնել այն ոգին ու կամքը, այն ազգային միակամությունը, որ ծնունդ տվեց այդ ազգային զարթոնքին, հասկանանք, թե ինչ ունեինք այն օրերեին, որ չունենք հիմա։ Միևնույն ժամանակ մենք պետք է առավել կենտրոնանանք մեր սխալների վրա, որոնց պատճառով չկարողացանք պահել մեր նվաճումներն։

Աստվածաշունչը տալիս է մեզ այդ բանալին․ «Նախ փնտրեցեք երկնքի արքայությունը, մնացածը ավելիով կտրվի Ձեզ»։ Սա նշանակում է մի կողմ թողնել անձնական, եսակենտրոն կյանքը և իրապես սիրել Աստծուն և մերձավորին, որով նաև հայրենիքը։ Եթե ապրենք անանձնական կյանքով, հայրենիքը, հողը, նյութականը ավելիով կտրվի մեզ։ 1988թ․-ին ավելի շատ էին անանձնական կյանքով ապրող մարդիկ, քան 30-ամյա խաղաղ ժամանակներում։

Մեր աղոթքն է, որ Աստված իմաստություն տա մեզ հասկանալու մեր իրական շահը և ապրելու գալիքի պայծառ տեսիլքով։

Արցախը եղել է ու կլինի հայկական, թեկուզ և հազարավոր պայքարների գնով։

Շնորհավո՛ր փետրվարի 20։»