կարևոր
2209 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-20 20:32

Պեկին-2022. ավարտվեց 24-րդ ձմեռային Օլիմպիադան. ՖՈՏՈՇԱՐՔ

Պեկին-2022. ավարտվեց 24-րդ ձմեռային Օլիմպիադան. ՖՈՏՈՇԱՐՔ

Պեկինում ավարտվեց 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Չինաստանի մայրաքաղաքում անցկացված ձմեռային Օլիմպիադան տևեց 16 օր` փետրվարի 4-ից 20-ը։ 

Օլիմպիական դրոշը փոխանցվեց Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո քաղաքների ղեկավարներին։ 2026-ին ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի այս քաղաքներում։

Այս տարվա խաղերին մասնակցել են մարզիկներ ավելի քան 90 երկրից, խաղարկվել է մրցանակների 109 հավաքածու: Ընդհանուր մեդալային հաշվարկում, ինչպես 2018-ի խաղերի ժամանակ, հաղթեց Նորվեգիայի հավաքականը՝  ընդհանուր 37 մեդալ. 16 ոսկե, 8 արծաթե եւ 13 բրոնզե մեդալ։

Թիմային հաշվարկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը, որը նվաճեց 12 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 27 մեդալ։ Գերմանացիները երկրորդն էին նաև 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ։

Մեդալային հաշվարկում լավագույն եռյակը եզրափակեց Օլիմպիական խաղերն ընդունող երկիրը՝ Չինաստանը. 9 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 15։

Նվաճած մեդալների քանակով (32) Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականը երկրորդն է, սակայն ընդհանուր հաշվարկում ամենաառաջնայինը ոսկիների քանակն է, իսկ ռուսների մոտ ոսկե մեդալների թիվը 6 է, այդ պատճառով էլ թիմային հաշվարկում նրանք ընդամենը 9-րդն են։

Ընդհանուր առմամբ, 2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող 91 երկրների հավաքականներից մեդալներ նվաճեցին 27-ը։

Հայաստանի հավաքականի անդամներից Միքայել Միքայելյանը 30 կմ սկիաթլոնում 70-ից զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը, իսկ 15 կմ դահուկավազքում (դասական ոճ) 99 մարզիկի շարքում նա 61-րդն էր։ Դահուկավազորդ Կատյա Գալստյանը սպրինտում 91-ից 80-րդն էր։ Դահուկավազքի (դասական ոճ) 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 98 մասնակցի շարքում զբաղեցրեց  74-րդ, իսկ Անգելինա Մուրադյանը 94-րդ հորիզոնականը։ Գեղասահքի պարային զույգերի մրցաձևում էլ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։