կարևոր
2740 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-20 18:18

Արցախը մենակ չէ, ամեն օր, վայրկյան այդ մասին պետք է մտածել. Գեղամ Մանուկյան

Արցախը մենակ չէ, ամեն օր, վայրկյան այդ մասին պետք է մտածել. Գեղամ Մանուկյան

Նորից է լինելու Զարթոնքը, Վերածնունդը, Ըմբոստությունը, Համախմբումը եւ միակամ ելնելու ենք ոտքի, որ ՄԻԱՑՈՒՄ լինի։ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Արցախի Վերածննդի օրվա առթիվ իր մտքերն է շարադրել՝ ներկաայցնելով յուրաքանչյուրիս անելիքը: 

«Այսօր պաշտոնական խոսքի ցանկություն չունեի։ Շնորհավորանք էր, որ ուզում էի գրել, բայց իրականությունը սիրտս կրծում էր։ Գողացված օրվա մասին էր ստացվում մտածածս։ Իմ, մեր, հարյուր հազարավորների, մեր նահատակ հազարավոր եղբայրների ապրած կյանքի գողության մասին էր ստացվում։ Բայց նաեւ, երբ վերհիշում եմ, որ 1988 թվականի փետրվարյան սառը օր Ազատության հրապարակում հավաքվել էինք հարյուր հազարներով, անդրադառնում եմ, որ չնայած այնժամ Արցախն ամբողջությամբ Խորհրդային Ադրբեջանի կազմում էր, մենք ունեինք հույս, համարձակություն, վճռականություն, համախմբվածություն, պայքարի պատրաստակամություն, զոհողության գնալու կամք, ու եղավ մեր համաժողովրդական ՄԻԱՑՈՒՄը։

Հիմա դրա համար էլ ասենք՝ շնորհավոր Համաժողովրդական շարժման, Արցախի Վերածննդի օրը։

Մեր անցած 30 տարին գողացավ մի ազգադավ իշխանություն, մանկուրտ եւ ապազգային խմբակ։ Բայց գողը միշտ պատժվում է։ Անխուսափելի է դա։ Կարեւորը՝ գողոնը (մեղա այս ձեւակերպման համար) ետ բերվի։

Նորից է լինելու Զարթոնքը, Վերածնունդը, Ըմբոստությունը, Համախմբումը եւ միակամ ելնելու ենք ոտքի, որ ՄԻԱՑՈՒՄ լինի։

Ամենքս մեր կյանքի 30 տարին, հպարտությունը, զոհողության գինը վերադարձնելու ենք։

Դրա համար անհրաժեշտ է մի քանի քայլը՝

1. Արցախը մենակ չէ, ամեն օր, վայրկյան այդ մասին պետք է մտածել՝ այցերով, կապերով, գնալով, տեսնելով, որդի այնտեղ ճանապարհելով, կամավոր ուղարկելով:

2. Արցախի դեմ ցանկացած քայլ, խոսք, գործողություն պետք է խեղդել բնում, որ գլուխ չբարձրացնի, որ նույնը չշարունակեն:

3. Արցախյան հարցը չպետք է թույլ տալ, որ մոռացվի, բարձրաձայնել ամեն օր, ամեն առիթով:

4. Թուրքական սիրախաղը չպետք է շարունակություն ունենա, չպետք է թուրքական նախապայմանները կյանք ստանան կամ շարունակվեն։ Ո՛Չ թրքացմանը։

5. Պետք է ամեն օր հիշենք մեր ընկերներին, մեր ժողովրդի նվիրյալներին, ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ՝ առաջինիսց սկսյալ։ Նրանք մեր հերոսներն են, նահատակները, սրբերը ու պարտք ունենք նրանց առջեւ։

6. Մենք՝ իբրեւ ժողովուրդ, առաքելություն ունենք։ Մենք՝ իբրեւ ժողովուրդ, խնդիր ունենք լուծելու, եւ դա պետք է անենք, որքան էլ մեր հզորությունը նսեմացնելու, փոքրացնելու փորձեր արվեն մեր երկրում։

Ու վերջապես։ ԱՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ պետք է հիշի՝ այս սուրբ օրվա մեկնարկով, ԱՐՑԱԽՅԱՆ ԶԱՐԹՈՆՔՈՎ նա դարձավ առավել անվտանգ, պաշտպանված։ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ ամեն օր կացինը ձեռքը վերցնելու պատրաստ ադրբեջանցու հետ դրկից վիճակում ապրելուց ազատագրվեց ԱՐՑԱԽԻ շնորհիվ։

ՀԳ. Էլի չստացվեց ամբողջությամբ սրտիս եկածը շարադրել։ Բայց այս օրն արժե հիշել, թե ինչ ուղղով անցանք։ Շիրազի այս բանաստեղծությունն արգելված էր Խորհրդային Միությունում։ Առաջին անգամ 1986 Շի-ին կարդացի այն։ Հետո արդեն 88-ի փետրվարի 9-ին արտասանեցի ծննդյանս օրը, արդեն շրջանավարտ դասընկերներիս ներկայությամբ։ Չմտածելով, որ մեծ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ 30 տարի հետո կրկին պահելու է իր այժմեականությունը:

Սա էլ երգը՝ https://www.youtube.com/watch?v=boCATFVLbVk: խոնարհումս Շիրազի բառերով երգի հեղինակ Լեւոն Գաթրջյանին»,- ամփոփում է Մանուկյանը։