կարևոր
3487 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-20 16:17

ՀՅԴ ՀԵՄ-ը միանում է բողոքի ակցիաներին. մեր վրդովմունքը հայտնենք Եվրոպական պատվիրակություններին

ՀՅԴ ՀԵՄ-ը միանում է բողոքի ակցիաներին. մեր վրդովմունքը հայտնենք Եվրոպական պատվիրակություններին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլորին միանալ փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին.

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը մասնակցելու է երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, ժամը 17։30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց և երեքշաբթի՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին Մարզահամերգային համալիրի մոտ կայանալիք բողոքի ակցիաներին։

Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու․

  • Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու:
  • Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու:
  • Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերայլեր։

Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը։

Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին»։

Նշենք, որ ավելի վաղ մի շարք քաղաքացիներ հայտնել էին բողոքի ակցիաներին մասնացելու մասին. երգահան Դավիթ Ամալյանը հայտնել էր, որ փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին լինելու է Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

«Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի...Մենակ չենք լինի...»,-գրել էր Դավիթ Ամալյանը:

ՍԴ աշխատակզմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել էր, որ փետրվարի 21-ին ժամը 17։30-ին լինելու է Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու Հայաստանում եվրոպական արժեքների պահպանության հարցում ԵՄ պատվիրակության կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքի դեմ։

«Ակնկալում ենք նույն մտահոգությունը կիսող քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»,- ամփոփել է Ղազարյանը։