կարևոր
3370 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-20 11:07

34 տարի առաջ տեղի ունեցած պատմական նստաշրջանը մեր ուխտն էր հայ մնալու. Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձը

34 տարի առաջ տեղի ունեցած պատմական նստաշրջանը մեր ուխտն էր հայ մնալու. Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ուղերձը Վերածննդի օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 34 տարի առաջ տեղի ունեցած պատմական նստաշրջանը մեր ուխտն էր հայ մնալու և Արցախը հայկական պահելու:

Այն համայն հայության զարթոնքի ազդարարն ու հայոց մեծ ընտանիքի հիմնաքարն էր: Ինչպես և սպասվում էր, մի ողջ ժողովրդի կամարտահայտումը անտեսվեց, իսկ հետո նաև այն ուժով մարելու փորձեր կատարվեցին:

Սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքը ոտնահարվեց: Բայց 88-ի Փետրվարի 20-ի ոգին այլևս անսասան էր: Մաքառումների արդյունքում կռեցինք հաղթանակներ, կառուցեցինք երկիր:

Ցավոք, 2020-ի աշնանը մարդկային ու տարածքային ծանր կորուստներ ունեցանք։ Հավերժ փա՜ռք մեր հերոսներին, խունկ ու խոնարհում մեր նահատակների հիշատակին... Բայց հենց մեր հերոսների նվիրումն է պարտադրում չկոտրվել, պայքարը կիսատ չթողնել։ Քանի դեռ արցախահայությունը չի հասել իր գերնպատակին, պայքարը շարունակվում է:

Հավատում եմ՝ արցախահայության դարավոր երազանքը կիրականանա, պարզապես պետք է հավատարիմ մնալ 88-ի ոգուն ու ներկա ժամանակների առաջնահերթություններին:

Այդ ամենի սպասումով՝ շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ»: