կարևոր
2926 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-19 20:10

Երեք տոն մեկ օրում. «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» ցուցադրությունը բացվեց Թումանյանի անձնական գրադարանում

Երեք տոն մեկ օրում. «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» ցուցադրությունը բացվեց Թումանյանի անձնական գրադարանում

«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված են երկու գրողների անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներ, որոնք խոսում են նրանց բարեկամության, կյանքի հետաքրքիր դրվագների, ինչպես նաև՝ գրքի մշակույթի բացառիկ դերի մասին:

Ցուցադրության բացումն այսօր տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին Թումանյանի անձնական գրադարանի տարածքում, որը մինչ օրս փակ է եղել այցելուների առջև:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյաննը հայտնել է, որ բացառիկ են Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը, որոնք երբևէ չեն ցուցադրվել:

«Երկար ժամանակ է՝ որոշել էինք ներկայացնել, թե երաժշտական ինչ անդրադարձ է եղել Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և որոշվեց տարվա խորագիր ընտրել «Թումանյանը երաժշտության մեջ», բայց, քանի որ հեղինակի ծննդյան օրը նաև Գիրք նվիրելու օրն է, գրքին անդրադարձ չանելն անհնար էր, բացի այդ 2022-ին Եղիշե Չարենցի 125-ամյակն է, ուստի որոշեցինք երեք տոն մեկ օրում մեր թանգարանի կամարների ներքո կազմակերպել»,-ասաց Եղիազարյանը:

Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը հիշեցրեց, որ Եղիշե Չարենցը հեռվից հետևում էր Թումանյանին և միշտ դասախոսություններ է կարդացել, զեկույցներ գրել Թումանյանի լեզվի, ստեղծագործությունների մասին և, բարձր գնահատելով  Թումանյանին՝ ինքն իրեն հարց տվել, թե տեսնես ինքն էլ այդքան իմաստուն կդառնա՞ մի օր, երբ լինի ծեր:

Խոսելով Գիրք նվիրելու օրվա մասին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ցանկանում է՝ տոնը ծառայի իր նպատակին, այն է՝ գրքի միջոցով հարստացնել հանրության հոգևոր աշխարհը: «Ուզում եմ՝ մարդիկ կարողանան հաղորդակցվել այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանն ու Չարենցը և այլ մեծեր: Դա կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելքի: Այդ ամենի հիմքում էլ կրթությունն է: Կարծում եմ՝ նման միջոցառումները, տոները թողնում են իրենց դրական ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա:  Այն երաշտը, որը կա, կարող է հաղթահարվել միայն մշակույթի ու կրթության միջոցով»,-եզրափակեց Դումանյանը:

«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 1-ը: