կարևոր
1918 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-19 19:25

Արցախը պետք է լինի հայ ժողովրդի համար ամենաբարձր արժեքներից մեկը. Բաբայան

Արցախը պետք է լինի հայ ժողովրդի համար ամենաբարձր արժեքներից մեկը. Բաբայան

Ադրբեջանում հայատյացությունը պետական գաղափարախոսություն է, և մենք երբեք չպետք է մոռանանք դա։ Այսօր տեղի ունեցած «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանական պետությունը մեզ համար սպառնալիք է․ հարցը ժողովրդի մեջ չէ, պետությունն է ֆաշիստական լինում։ Ադրբեջանում հայատյացություն քարոզում են մսուր մանկապարտեզից: Բաբայանն ընդգծում է, կենացները բավարար չեն, պետք է գործի անցնել, մի երկրում, որտեղ հերոսացվում է մարդասպան Սաֆարովը, խոսում է այդ հասարակության հիվանդ լինելու մասին։

«Հարցն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Այո, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք երկիր, որտեց ֆաշիզմը պետական գաղափարախոսություն է։ Ի՞նչ կա այդտեղ սխալ, ո՞վ կարող է դրա հետ վիճել։ Բայց դա չի նշանակում, որ մենք էլ ատելությամբ պետք է լցվենք, մենք ուղղակի պետք է ճիշտ պատկերացնենք իրականությունը։ Այո, Ադրբեջան պետությունը մեզ համար մահացու վտանգ է, այդ երկիրը հայատյացությունը ոչ միայն քարոզում է իր երկրի ներսում, այլև տարածում է իր Սփյուռքում, մի բան, որ նախորդ տարիներին այդքան ընդգծված չի եղել»,-նշեց նա։

Բաբայանը կարևորում է, որ այս գործում պետք է ներգրավվի գիտությունը, լինեն խոր ուսումնասիրություններ, արտաքին քաղաքականության մեջ օգտագործվի գիտակրթական ներուժը, հակառակ դեպքում շատ լուրջ խնդիրների ենք առերեսվելու։

«Մենք գործ ունենք շատ լավ կազմակերպված թշնամու հետ, որը աշխարհաքաղաքական պայքարի մեծ փորձ ունի։ Պայքարը բազմաշերտ է, այն տեղի է ունենում և՛ տեղեկատվական,և՛ գիտակրթական, և՛ քաղաքական, և՛ այլ ոլորտներում։ Մեզանից յուրաքանչյուրից  ինչ-որ բան է կախված։

Մենք պետք է միասնական լինենք եւ պահպանենք ազգային արժեքները։ Արցախը պետք է լինի հայ ժողովրդի համար ամենաբարձր արժեքներից մեկը։ Հակառակ դեպքում ամեն ինչ շատ վատ կավարտվի։

Եթե մենք ուզում ենք այս ծանր իրավիճակում պահպանել Արցախը, ապա պետք է ունենանք ռազմավարություն՝ գրագետ և հայրենասիրական մոտեցում։ Դա միաժամանակ պարզ է եւ բարդ՝ հաշվի առնելով հայ ժողովրդի որոշ առանձնահատկությունները։

Մենք չպետք է սխալներ թույլ տանք, որովհետեւ այս պահին որոշվում է ժողովրդի ճակատագիրը։ Հիմա մեզ համար ամենադժվար իրավիճակն է մեր ողջ պատմության ընթացքում։ Այսօր կանգնած է հայ ժողովրդի, հայության գոյության հարցը, ուստի պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել։

Անթույլատրելի է մտնել աշխարհաքաղաքական գործընթացների մեջ՝ ռուսամետ, հակաարեւմտյան եւ այլն։ Դա կհանգեցնի աղետի։ Մենք կանգնած ենք մեր դիրքերում եւ կանգնելու ենք մինչեւ վերջ, արդեն կորցնելու ոչինչ չունենք։ Պետք է առավելագույնս ներգրավել առողջ ուժեր, լինել առավելագույնս պրոֆեսիոնալ ու հայրենասեր, մնացածը տեխնիկական հարցեր են։

Որպեսզի քաղաքագիտական միտքը սպասարկի ազգային շահերը, այն պետք է ունենա գիտակրթական բազա։ Եթե այդ ներուժը կորի, ապա հարված կհասցվի մեր պետականությանը եւ մեր ապագային։ Մենք գտնվում ենք գերտերությունների եւ տարածաշրջանային տերությունների շահերի բախման էպիկենտրոնում, պետք է օբյեկտիվորեն դիտարկենք իրավիճակը եւ իրական պատկերացում ունենանք տեղի ունեցածի մասին», - նշել է նա։

Բաբայանը շեշտում է ատելությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, երբ անգամ հայը հայի հանդեպ ատելությունն է տարածվում.

«Ո՞վ է ավելի վտանգավոր, ադրբեջանցին, որ ատելություն չունի հայի նկատմամբ, թե մի հայաստանցի, որ ասում է՝ ղարաբաղցիները թուրք են։ Անուններ տա՞մ։ Օրինակ, Հախվերդյան։ Ձեզանից քանիսն են գնացել նրա համերգին։ Հիմա հարց եմ տալիս, Արցախը, արցախցիները ո՞վ են հայ ժողովրդի համար»,-ասաց նա։