կարևոր
2089 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-19 19:09

Ադրբեջանի իդեալը սաֆարովներն են, խաղաղությունն ու խաղաղության քարոզը չէ. Ռուբեն Մելքոնյան

Ադրբեջանի իդեալը սաֆարովներն են, խաղաղությունն ու խաղաղության քարոզը չէ. Ռուբեն Մելքոնյան

Այսօր լրանում է 18 տարին այն օրվանից, երբ ադրբեջանցին Բուդապեշտում գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Դա տեղի ունեցավ հայատյացության հիման վրա, որն Ադրբեջանում դասվել է պետական քաղաքականության շարքին։ Սրանով են դաստիարակվում ամբողջ սերունդներ։ «Ադրբեջանի իդեալը Սաֆարովն է, խաղաղությունն ու խաղաղության քարոզը չէ»: փետրվարի 19-ին տեղի ունեցած«Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Ադրբեջանում նոր սաֆարովներ են դաստիարակում, որոնք պատրաստ կլինեն հայոց ցեղասպանություն իրականացնել։ Սա տարածաշրջանային անվտանգության խնդիր է։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։ Մենք գործ ունենք մի սերնդի հետ, որը դաստիարակվել է հայերի հանդեպ ատելության հիման վրա։ Ինչպես են Հայաստանի իշխանությունները խաղաղություն հաստատելու այն մարդկանց հետ, որոնց իդեալը սաֆարովն է»,- ընդգծեց նա։

Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ խաղաղությունը մեր բնույթին հարիր է, բայց մեզ շրջապատող պայմաններն են այլ։ Ուստի խաղաղություն ասելով, խաղաղության դարաշարջանից խոսելով՝ Հայաստանի իշխանությունները փոխում են ոչ թե Ադրբեջանի հասարակությանը, որ հայատյացության մասին գրքերով են մեծացել, այլ թուլացնում են մեր հասարակության զգոնությունը։ 

Նա նշեց, որ Ադրբեջանի դպրոցներում դասավանդվող գրքերում շարունակում են տեղ գտնել հակահայ, ատելություն սերմանող նյութեր, իսկ Հայաստանում փորփրում են մեր մանկության դասագրքերը, որպեսզի հանեն ինչ-ինչ հատվածներ։

«Գարեգին Նժդեհի անունն են ուզում հանել, սա ի՞նչ է, եթե ոչ զգոնության թուլացում։ Սա նույնն է, որ դու գնաս պատերազմի, բայց մինչև այդ միտումնավոր փչացնես քո զենքերը, կամ պատերազմի գնաս խաղաղության դրոշը վերցրած։ Այնպես որ, ես կողմ եմ, որ մեր հասարակությունը տարվի իրատեսության գաղափարով, չգնա ինքնախաբեության ճանապարհով։ Խաղաղության լոզունգը փուչ է։ Իլհամ Ալիևը մնում է հայերենով ասի, որ չի գնալու խաղաղության, նա բացահայտ ասում է, եթե խաղաղության պայմանագիր էլ կնքվի, մենք չպետք է մոռանանք հայերի թշնամանքը մեր նկատմամբ։ Եթե նման պայմաններում մենք խոսում ենք խաղաղությունից, ապա դա ինքնախաբեություն է, մեր զգոնությունից կամովի հրաժարում։ Մեր հասարակությանը պետք է կրթել դեպի իրատեսություն, դեպի ինքնապաշտպանություն»,-ասաց բանախոսը։