կարևոր
6328 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-19 11:54

Ավելի հստակ են դառնում քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրական նպատակները. Աբրահամյան

Ավելի հստակ են դառնում քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրական նպատակները. Աբրահամյան

Որքան ավելի մանրամասն իշխանության և նրան հարակից տարբեր դեմքեր փորձում են «հիմնավորել» քննիչ հանձնաժողովի աշխատանքների «անաչառությունը» այնքան ավելի հստակ է դառնում դրա իրական նպատակները։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք մասնակցելու քննիչի աշխատանքներին։

Տպավորություն կա, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում, թե ով որ ուղղությամբ պետք խոսի և զարգացնի իշխանական ավանդական կարգախոսները, նույնիսկ նախատեսված թեզերի անոնսներն է արդեն վազող տողով գնում։

Կրկնում եմ՝ սա ոչ թե ենթադրություն կամ կանխատեսում է, այլ արդեն հնչող հայտարարություններից արված ծաղկաքաղ։

Թե բա վերահսկող գործառույթ»։

Հիշեցնենք, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի առաջին նիստը կայացավ փետրվարի 14-ին, որի մեկնարկին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամ պատգամավորները կրկին վերահաստատեցին հանձնաժողովի նիստերին չմասնակցելու իրենց հայտարարությունը և լքեցին նիստը: Ընդդիմադիրների համոզմամբ՝ գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության նախաձեռնությամբ է ստեղծվել այս հանձնաժողովը: Հանձնաժողովի լիազորությունները իրականացնում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանված է 6 ամիս:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի իշխանության ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները, և որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։