կարևոր
4864 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-19 11:36

Վեդիում ՏԻՄ ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա օգնություն է բաժանում

Վեդիում ՏԻՄ ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա օգնություն է բաժանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։

Վեդի խոշորացված համայնքի  վարչական տարբեր շրջանների բնակիչներին ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա տրամադրել է 15-50-հազարական դրամ, մի բան, որի, նախ, իրավունքը չունի, քանի որ ավագանու որոշմամբ պետք է հատուկ խորհուրդ ձևավորվեր, և խորհուրդը նման որոշումներ ընդուներ։

Բացի դա՝ ընտրություններից առաջ այդպիսի օգնությունների համար իշխանությունը դատում է Սյունիքի համայնքապետ Առուշ Առուշանյանին, մեղադրանք է առաջադրվել նաև համայնքապետարանի աշխատակիցներին։ Փոխարենը համայնքային բուն խնդիրները Գարիկ Սարգսյանի և նրա կողմից վարչական շրջանների ներկայացուցիչներ նշանակվելուց հետո անտեսված են, Ուրցաձորում, օրինակ, բնակիչներին զրկել են գիշերային լուսավորությունից»։

Հիշեցնենք, որ Վեդիում մարտի 27-ին նշանակված են արտահերթ ՏԻՄ համամասնական ընտրություններ:  Կառավարության՝ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Մինչ արտահերթ ընտրությունները Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարիկ Սարգսյանը, որն արդեն հասցրել է ազատվել ընդդիմադիր, ինչպես նաև իրեն նախորդ ընտրություններում պարտության մատնած համայնապետերից։

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ պարտության մատնվեց։

Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: «Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։ Արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ պարտադրելով նոր ընտրություններ: