կարևոր
2686 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-19 00:05

Ամենայն հայոց... Թումանյանի ծննդյան օրն է այսօր

Ամենայն հայոց... Թումանյանի ծննդյան օրն է այսօր

Հոգիս` տանը հաստատվել -
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

Հովհաննես Թումանյան

Փետրվարի 19-ին նշում ենք Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը: Թումանյանը կենդանի է բոլորիս սրտերում, և բանաստեղծին հանդիպելիս անպայման կասեր.«Ինչ լավ է, որ դու կաս: Նա իսկապես կա, և մենք ինչքան բախտավոր ենք, որ Թումանյան ունենք»:

«Հավերժի ճամփորդ», «Հանճարեղ լոռեցի», «Մեր նոր քերթության անհաս Արարատ», «Ամենայն հայոց բանաստեղծ», հայ մեծագույն գրող, ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակն է: 

Հովհաննես Թումանյանն ուներ երեք կեղծանուն․ առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: Հետո` Ցեղասպանութան ժամանակ, ստացավ ևս երկու տիտղոս․ մեկը՝ Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ մյուսը` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն ասաց՝ իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:

Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում եւ ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Կիսում էր ոչ միայն ինքը, այլեւ նրա ամբողջ ընտանիքը: 1917թ. դեկտեմբերի 23-ին թվագրված Անդրանիկին ուղղված նամակում Թումանյանը հայտնում է, որ պատրաստ է նվիրաբերելու ամենակարեւորը, ինչ ունի կյանքում.

 «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և Քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն» (տղաներից մեկը՝ Արտավազդը, զոհվեց ռազմաճակատում՝ այնքան վիշտ պատճառելով հորը)։ Ուշագրավ է նամակի հետգրությունը՝ «Պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ մեր ընդհանուր գանձարանին։ (Խոսքը հայ կամավորության կարիքների համար ազգային տուրքի վճարման մասին էր):

Սիրելի՛ Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է` թե՛ վերահաս վտանգը կանխելու, թե՛ բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն»:

Ավագ որդին՝ Մուշեղ Թումանյանը, 1937 թ-ին, Թումանյանի մահից արդեն տարիներ անց, Խորհրդային իշխանությունների կողմից կձերբակալվի և կաքսորվի Սիբիր, որտեղ էլ կզոհվի:

Մուշեղից հետո, մյուս որդին՝ Արտավազդ Թումանյանը, իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ, նա մեկնել էր Արևմտյան Հայաստան և 1918 -ին, 24 տարեկան հասակում, զոհվել Վանում: Արտիկի, ինչպես նրան հայրն էր կանչում, նահատակությունը մեկընդմիշտ ընկճել էր Թումանյանին և մեծապես արագացրել նրա մահը:

Արտավազդից հետո, երրորդ որդին՝ Համլիկ Թումանյանը, նույնպես, հոր մահից հետո, 1937 -ին, Խորհրդային ռեժիմը կձերբակալի ու կգնդակահարի նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրն ու վայրը:

Համլիկից հետո, չորրորդ որդին՝ Արեգը Թումանյան, դարձյալ 1937-ին, կաքսորվի խորհրդային ռեժիմի կողմից և 1939 -ին կգնդակահարվի: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման, Արեգի մասունքների վայրն էլ անհայտ կմնա հարազատներին: Հենց Արեգն էլ, հոր դիահերձումից հետո, «գողացել» էր հոր սիրտն, ու Թումանյանի սիրտը քսան երկար տարիներ պահվել էր իրենց տանը՝ տարայի մեջ։

Թումանյանը, լինելով մեծագույն հայ, ամբողջովին ապրեց և գործեց հայկականության մեջ: Թումանյանն էր, որ առաջին անգամ իր ողջ խորությամբ գրականություն բերեց հայրենասիրության անչափելի որակը, նա էր, որ հայրենիքի գեղարվեստական պատկերի իր որոնումներում զգացմունքային հայրենասերի կողքին դրեց գիտակից հայրենասերին, որը հայրենիքը սիրում է ոչ թե հախուռն, ռոմանտիկ, չհասկացված սիրով, այլ՝ խորամուխ լինելով նրա էության մեջ, ըստ ամենայնի ըմբռնելով, թե՝ «ինչ ենք սիրում և ինչու»։

«Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները։ Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ինչ ենք սիրում և ինչու։ Այժմ գալիս է ժամանակը՝ նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու…»,- գրում է Թումանյանը։

Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե չունենար այդ տանջալից հարցի պատասխանը՝ հայի փրկությունը հայ ոգու մեջ է։ Նա էր, որ ավելի իրատեսորեն, ավելի շոշափելիորեն, քան իր նախորդներից որևէ մեկը, ըմբռնեց և գրականություն բերեց այդ ոգին։

Ասում էր. «Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ դու կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա ոգու հետ ի՞նչ ես անելու։ Իսկ էդ ոգի ասած բանը անշունչ քարից էլ կարող է Աբրահամու զավակներ հարուցանել և դաշտերում ցրված ոսկորներից՝ կենդանի ժողովուրդ»։

Նրա ոգին ու խիղճն էին ահա, որ նրան տեր կանգնեցրին կոտորածներից որբացած հայ երեխաներին (դուստրը՝ Թամարան, պատմում է, որ Էջմիածնում նա ինքն էր իր ձեռքով խուզում որբերի գլուխները), նրան տարան ազգամիջյան ընդհարումների թեժ կետեր՝ հաշտության դրոշ պարզելու, խաղաղեցնելու խաբված ամբոխներին, բարիդրացիության, բարեկամության սերմեր ցանելու մարդկանց հոգիներում։ Եվ նրան՝ այդ մեծ հաշտարարին, երկու անգամ (1909, 1911) բանտ նետեցին «հակապետական» գործունեության մեղադրանքով (ի դեպ, հենց Թիֆլիսի Մետեխի բանտում է գրել «Մի կաթիլ մեղրը»՝ այնքան համահունչ այդ շրջանի արյունոտ իրադարձություններին)։

Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ 

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:

1915 թվական: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնում է Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները: Թումանյանից ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը. «Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»:

Թումանյանը, ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:

1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվում է «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ է ընտրվում Թումանյանը:

1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ:

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։