կարևոր
2323 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-18 21:59

Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն. «Հայաստան» խմբակցության դիմում-նամակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն. «Հայաստան» խմբակցության դիմում-նամակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Արցախի պատմամշակութայնի ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին, որը ներկայացնում ենք ստորև. 

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵԻՆ

«44-օրյա պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաև մշակութային ահռելի կորուստեր: Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել հսկայածավալ մշակութային ժառանգություն, որի հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն: Պղծման և վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ: 2022թ. փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային լրատվական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Անար Քեիմովի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պատրաստվում է Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «աղվանական ճարտարապետական հուշարձաններից» վերացնել հայկական արձանագրությունները:

Ադրբեջանի իշխանության նման գործելաոճը ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմա-մշակութային ժառանգությունը:

Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող արժեքներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները 2002 և 2005 թվականներինին, խաղաղ ժամանակահատվածում ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրված էին հազարավոր արժեքավոր խաչքարեր: Խաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»: Այդ թվում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերյալ:

Ադրբեջանական իշխանության վանդալիզիմի և պղծման գործողությունները հայկական մշակութային արժեքների նկատմամբ կրում են շարունակական բնույթ, ինչով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերոնշյալ որոշման պահանջները:

Ադրբեջանի իշխանությունը շարունակաբար վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի և Արցախի բնակչությանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ակնկալում ենք Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ակտիվ միջամտությունը՝ Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում հայկական պատմական և մշակութային նշանակություն ունեցող արժեքների պաշտպանության հարցում, որոնք նաև համամարդկային մշակութային ժառանգության մասն են կազմում:

Ընդգծում ենք նաև, որ 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևոր հանձնառություն ունի՝ հնարավորինս արագ անկախ տեխնիկական առաքելություն իրականացնելու Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև իրականցնելու պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման փաստահավաք առաքելություն։

Փետրվար 15, 2022, Երևան