կարևոր
4339 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-18 17:48

Չարենցն Ազգայինում. 125 ցուցանմուշ մեծ գրողի 125 ամյակին

Չարենցն Ազգայինում. 125 ցուցանմուշ մեծ գրողի 125 ամյակին

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվել են մեծանուն գրող Եղիշե Չարենցի անձնական իրերը՝ գրքեր, լուսանկարներ, նրա ծխամորճը, անձրևանոցը և այլ  առարկաներ: «Բացառիկ ցուցադրություններ» շարքի շրջանակում կազմակերպված «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր:

«Ներկայացված 125 ցուցանմուշից հարյուրը մեր գրադարանի ֆոնդերից են, իսկ 25-ը՝ Չարենցի անձնական իրերն են, որոնք պահվում են նրա տուն-թանգարանում: Անձնական իրերից են գրողի թանաքամանը, մոխրամանը, ածելի սրելու գործիքը, նրա թասակը, արձանիկը, լուսանկարներ, ընտանեկան բացառիկ խմբանկարներ և այլն»,-նշել է Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Ցուցադրության մեջ ներառված են եղել նաև Չարենցի ստեղծագործությունները, նրան նվիրված, Չարենցի ընծայագրերով, մեծերի՝ Չարենցին նվիրված ընծայագրերով գրքեր: Ցուցանմուշների վրա կարելի է տեսնել QR կոդեր, որոնց միջոցով հնարավոր է դրանք ուսումնասիրել առցանց հարթակում:

Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով՝ ժողովուրդը միշտ եղել է Եղիշե Չարենցի կողքին, ինչպես գրողն է եղել իր սիրած ժողովրդի կողքին․ «Իր ապրած տարիներին նրան շատ բարձր են գնահատել. երբ Չարենցը դահլիճ էր մտնում, նրան մշտապես ծափողջույններով էին դիմավորում, եթե նա դասախոսություն էր կարդում, մարդիկ ոտքի էին կանգնում: Չնայած կյանքի վերջում Եղիշե Չարենցի կողքին ոչ ոք չկար, և, ինչպես ինքն էր ասում, նա լքված ու հալածական մի պոետ էր, և ոչ ոք չուներ: Միևնույն է նրա կողքին էր ժողովուրդը»,-ընդգծել է Գոհար Չարենցը:

Նա տեղեկացրել է, որ գրողի 125-ամյակի առթիվ, որը լրանում է մարտի 13-ին, տարվա ընթացքում Չարենցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու, ոչ միայն Երևանում, այլև մարզերում, Ծաղկաձորում, որտեղ Չարենցը հաճախ է այցելել և Արցախում:

Անդրադառնալով Չարենցի պատգամներին՝ Գոհար Չարենցը հիշեցրել է հեղինակի հետևյալ տողերը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: 

Ցուցահանդեսն ուղեկցվել է Կոմիտասի անվան պետական լարային քառյակի գեղեցիկ կատարումներով: Ցուցադրությունը, որը բաց կլինի միայն մեկ օր, կյանքի է կոչվել միջմշակութային համագործակցության շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ։