կարևոր
2869 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-18 14:16

Վարդենիսում ՔՊ-ին չեն կարողանում համոզել, որ 14-ը մեծ է 13-ից. «Հետք»

Վարդենիսում  ՔՊ-ին չեն կարողանում համոզել, որ 14-ը մեծ է 13-ից. «Հետք»

«Հետք»-ն ամփոփել է Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը.

2021թ. դեկտեմբերի 5-ին Վարդենիս համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցել են՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքները: Թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրության արդյունքները և 2021թ. դեկտեմբերի 12-ի թիվ 51-Ա որոշումով մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 12 մանդատ, «Միասնական Վարդենիս»՝ 5 մանդատ և «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ 10 մանդատ:

Քվեարկության արդյունքը բողոքարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վերահաշվարկ պահանջելով 6 ընտրատեղամասում: Վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս»-ի քվեաթերթիկների թիվը նվազել է ընդամենը 1-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել 1-ով, դրանով պայմանավորված՝ էական փոփոխության են ենթարկվել բուն ընտրության արդյունքները: «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքից մեկ մանդատ նվազեցվել է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրվել ևս 1 մանդատ:

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը դիմել է Վարչական դատարան ընդդեմ թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի թիվ 51-Ա որոշումը, որով մանդատների փոփոխություն էր կատարվել:

Վարչական դատարանը հայցը քննել է դատավորների կոլեգիալ՝ 5 հոգանոց կազմով և մերժել է հայցապահանջը: Դատարանը որոշումը պատճառաբանել է նրանով, որ չեն ներկայացվել վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու իրավական հիմքեր, ինչպես նաև չեն ներկայացվել վիճարկվող որոշումն օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով ընդունված լինելու փաստը հաստատող ապացույցներ:

«Դատարանն արձանագրում է, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

Դատարանը որոշումը կայացրեց 2021թ. դեկտեմբերի 21-ին, այն վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Այդուհանդերձ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատը մեկով ավելացնելը չփրկեց իրավիճակը՝ ընտրություններին մասնակցած երեք դաշինքից ոչ մեկն ընտրողների առավելագույն ձայները չէր ստացել, տեղական իշխանություն կարող էր ձևավորվել միայն կոալիցիա կազմելով: «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքները հայտարարեցին կոալիցիա կազմելու և համատեղ տեղական իշխանություն ձևավորելու մասին, քանի որ երկուսը միասին ավագանու կազմում ունեին 14 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13 մանդատ:

«Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները դեկտեմբերի 30-ին, 14 քվեով Վարդենիսի համայնքապետ ընտրեցին ընդդիմության միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանին: Ընտրությունը կազմակերպեցին դրսում, քանի որ ոստիկանությունը ավագանու անդամներին թույլ չտվեց մուտք գործել համայնքապետարան:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ հետո առաջարկեցին չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել: Մերժում ստանալուց հետո դիմեցին Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2021թ. դեկտեմբերի 30-ի Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները և Վարդենիս համայնքի ղեկավար ընտրելու մասին արձանագրությունը:

2022թ. փետրվարի 2-ին կայացրած վճռով Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը մասնակի է բավարարել հայցը՝ անվավեր է ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու՝ համայնքի ղեկավար ընտրելու մասին 30․12․2021թ․ նիստի թիվ 1 որոշումն ու արձանագրությունը, իսկ Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր չի ճանաչել։

Դատարանում Ահարոն Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ դեռևս որոշում չունեն վճիռը բողոքարկելու վերաբերյալ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ կարող է բողոքարկել այն՝ զուտ համայնքում տեղական իշխանություն չընտրելու պրոցեսը երկարաձգելու համար։

Վարդենիս համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ դատավորի այս տարօրինակ վճիռը կայացնելու պատճառը նրանց նկատմամբ տարվող պատժիչ քաղաքականությունն է: «Դատավորը պատասխանատվությունը հեռացրեց իրենից ու թողեց, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնի»,- հայտնեց ավագանու անդամը:

Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ փետրվարի 8-ին, ՏԻՄ օրենքով սահմանված ժամկետում, Վարդենիս համայնքի ավագանին նստաշրջան է գումարել։ Նիստը տեղի է ուեցել համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում, որոշումներ են ընդունվել, սակայն դրանք իրավական ուժ չունեն, որովհետև չեն կնքվել: Մարզպետարանի աշխատակիցները մինչ այդ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքը դրել են համայնքապետարանի չհրկիզվող պահարանում ու կապարակնքել են, կապարակնքել են նաև համայնքապետի ծառայողական ավտոմեքենան:

Դավիթ Շահնազարյանն ասում է, որ ավագանին ժամանակին դիմել էր ոստիկանություն, որպեսզի կնիքն ու բանալին հայտնաբերեն և հանձնեն իրենց, բայց նրանցից դեռ գրավոր պատասխան չունեն:

Կնիք չունենալու պատճառով տապալվել է Վարդենիս խոշորացված համայնքի կառավարումը: Ավագանին պետք է Վարդենիս խոշորացված համայնքի կանոնակարգը հաստատի և գրանցի պետռեգիստրում, բազմաթիվ այլ իրավական գործընթացներ պետք է իրականացնի հին կնիքով, որից հետո դիմի նոր կնիք ստանալու համար:

Դ. Շահնազարյանն ասում է, որ Վարդենիսի համայնքապետարանը նախկին աշխատակազմով շարունակում է աշխատել, հիմնարկներն իրավասու են համայնքներում ֆինանսական գործառույթներ իրականացնել՝ մինչև համայնքը տարեկան բյուջե կընդունի: Ընդ որում օրենսդրական սահմանափակում չկա, թե մինչև երբ կարող են ֆինանսավորումն իրականացնել նախորդ տարվա բյուջեի համամասնությամբ։

«Մինչև բյուջետային տարվա սկիզբը համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի»:

Վարդենիսի դեպքում հանգուցալուծումը դեռևս նկատելի չէ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կայացված դատական ակտը մեկ ամսում բողոքարկելու ու դրանով տեղական իշխանության ձևավորումը հետաձգելու հնարավորություն է տալիս: