կարևոր
3730 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-18 13:40

Պահանջը նույնն է` չեղարկել ԱՊՊԱ-ի թանկացումները. վարորդները կրկին բողոքի ակցիա են իրականացրել

Պահանջը նույնն է` չեղարկել ԱՊՊԱ-ի թանկացումները. վարորդները կրկին բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր Երևանում վարորդները շարունակում էին բողոքի ակցիան: Պահանջները նույնն են` չեղարկել ԱՊՊԱ–ի թանկացումները, ինչպես նաև բյուրոյի պետ` Վաղինակ Եղիազարյանի հրաժարականը։

Վարորդները մեքենաներով փակել էին Հանրապետության փողոցի մի հատվածը։ Իրենց պահանջները չբավարարելու դեպքում վարորդները պատրաստվում են ակցիաները շարունակել` ավտոերթերով:

«Իմ մեքենայի ԱՊՊԱ-ն թանկացել է 140 %-ով։ Ապահովագրական բյուրոն ասում է, թե իրենց մոտ ֆինանսական ճեղքվածք է, պետք է կարողանան աշխատել, իսկ ինձ որևէ մեկը հարցրե՞լ է` ես ֆինանսական ճեղքվածք ունեմ, թե չէ»,- նշել է կին վարորդներից մեկը:  

Հունվարի 31-ին եւ փետրվարի 3-ին վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին:

Ավելի վաղ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: 

Հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Բացի այդ, եթե վթար է լինում, որի վնասն անցնում է 1 մլն դրամից, ապա վճարը 300 տոկոսով թանկանում է:

Բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա: