կարևոր
3193 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-18 13:24

34 տարվա սրբազան պայքարի ներքին ուրացողը Հայրենիքի կորստից է օգտվում՝ երկարացնելու իր նիստն ու աթոռը. հայտարարություն

34 տարվա սրբազան պայքարի ներքին ուրացողը Հայրենիքի կորստից է օգտվում՝ երկարացնելու իր նիստն ու աթոռը. հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն Համազգային շարժման 34-րդ տարեդարձի առթիվ, որտեղ ասված է.

«Երեսունչորս տարի առաջ այս շաբաթ Ստեփանակերտի ժողովրդական ժայթքումով, Երևանի մայր հավաքով և Արցախի բուն որոշմամբ սկզբնավորվեց մեր Հայրենիքի ինքնության, ազատության և վերամիավորման համար բազմադարյա պայքարի արդի հանգրվանը:

Խոնարհվում ենք մեր ազգային զարթոնքը կերտողների և նահատակների լույս հիշատակի առջև և ասում` ինքներս մեզ ու աշխարհին` Հայոց հարցը լուծված չէ:

Հանրաքվեով հաստատված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բացարձակ են և անսակարկելի:

Հանրաքվեներով հաստատված Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու ամբողջականությունը նույնպես բացարձակ են և ամբողջովին իրավական:

Առանց Հայաստանի և Արցախի պետական տարածքների ապաբռնազավթման և վերջինիս կարգավիճակի միջազգային ճանաչման, ինչպես նաև դեպի Նախիջևան, Գարդմանք և հայրենի այլ օջախներ հայության վերադարձի երաշխավորված իրավունքի, չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան հաշտության որևէ հարատև պայմանագիր:

Իսկ քանի որ Թուրքիայի ժամանակակից իշխանություններն ըստ երևույթին շարունակում են կիրառել պետական նշանակության իրենց «նախապայմանային» քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում` այս փուլում հղում անելով հայ-ադրբեջանական հաշտության, ակնբախ է, որ «առանց նախապայմանների» ոչ մի արդյունք չի կայանալու արևմտյան ճակատում:

Խնդիրն, ուրեմն, մերօրյա 34 տարվա սրբազան պայքարի ներքին ուրացողի մեջ է. նրա, ով հազարավոր հերոսացած նվիրյալների արյան պատեհությունն է պաշտում, Հայրենիքի կորստից է օգտվում, որպեսզի երկարացնի, թեկուզ մի քիչ, իր նիստն ու աթոռը:

Համազգային շարժման հիմնական ուղերձի հանգույն՝ միացում է պետք, համախմբում:
Ոչ թե միապետի հավերժացման, կամ սովետի վերադարձի, կամ էլ՝ կուսակցապետության վերականգնման դեմ: Այլ հանուն:

Հանուն Հայրենիքի և նրա հավերժության: Հանուն մեր վերականգնման, մեր վերադարձի, մեր արժանապատվության»։