կարևոր
2491 դիտում, 2 ամիս առաջ - 2022-02-18 13:10

Դատարանների միությունը պահանջում է արդարադատության նախարարին պատասխանատվության ենթարկել

Դատարանների միությունը պահանջում է արդարադատության նախարարին պատասխանատվության ենթարկել

Դատավորների միության նախագահը Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունն է հրավիրում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ելույթների վրա և պահանջում է բարձրացնել պաշտոնյային պատասխանատվության ենթար­կելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վար­քագիծը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիո­կայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին տված հար­ցազրույցներում  ՀՀ արդա­րադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախ­տելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնա­վո­րապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցու­ցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվա­ծութ­յուն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատա­վոր­ներին վիրավորող և պիտակավորող, դա­տական իշխա­նութ­յան հեղի­նա­կությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձա­գանքի:

Սույն նամակով անդրադառնալով նախարարի՝ իրեն վայել վարքագիծ դրսևորելու պար­տականությանը, գտնում եմ, որ տվյալ հար­ցում ասելիք և անելիքներ ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների տիրույթում:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝

1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրութ­յամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբա­ղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղա­քական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:

2. Պետական քաղաքական պաշտոններն են (…) նախարարների (…) պաշ­տոնները: 

(…):

4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահ­մանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հան­րապետության այլ օրենքներով։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը.

4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքե­րում` նաև հայտարարագիր ներկայացնելը.

(…)»:

Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևո­րում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հարգում են իրենց (…) գործընկերների (…) արժանապատվությունը»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիա­­զորություններն իրականացնելիս դրսևորում են անկողմնակալություն՝ բացա­ռե­լով որևէ խտրականություն:

2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապա­տաս­խան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է: (…)»:

ԻԶԱԲԵԼ, [2/18/2022 12:12 PM]
Նույն օրենքի 27.1.-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևո­րել քաղաքական զսպվածություն։

2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։

Քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի իրավաչափ վարքագիծը և ծառայողա­կան պարտա­կա­նութ­յունների պատշաճ կատարումը կանոնակարգող վերոնշյալ իրավական նորմերի համատեքստում` ուսումնասիրելով նախարար Կ.Անդրեասյանի վերոնշյալ ելույթները, գտնում եմ, որ դրանցում առկա մի շարք ձևակերպումներ նսեմացնում են դատարանների և դա­տավորների արժանապատ­վությունը, ընդհանուր խոսքի մեջ օգտագործված պիտա­կա­վորումները, անվանար­կումները, դատավորների դասա­կար­գումները և այդ դասա­կարգման չափանիշները զուրկ են բարեկրթության տարրական կանոններից, վայել չեն պետական, հատ­կապես՝ արդարադատության նախա­րարի պաշտոնը զբաղեցնող հանրային ծառա­յողին, այն աստիճան քաղաքականացված են, որ կասկա­ծի տակ է դնում նախա­րար Կ.Անդրեասյանի կողմից ի պաշտոնե մատուցվող հանրային ծառայության անկողմնակա­լությունը:

Ավելին, դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այնքանով որքանով նույնիսկ ողջամիտ կասկածի առկա­յությունը չի կարող վկայել դատավորին կալանավորելու վերաբերյալ կայացված որոշման օրի­նական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին:

Գտնում եմ նաև, որ նախարարի ելույթներում հնչեցված առանձին մտքերը հակասում են «Դատական օրենսգիրք» սահ­մանադրական օրենքի պահանջներին։

Մասնավորապես, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մար­մին է, որը Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված լիազորութ­յուններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավոր­նե­րի անկախությունը»:

Նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորին և Բարձ­րագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատ­վութ­յան ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազո­րութ­յուն­ները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կա­պակ­ցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համա­ձայն՝

«1. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիա­զորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրա­կանացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մար­միններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվե­տու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահ­մա­նադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնա­հատելով իր ներքին համոզմամբ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

4. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիա­զորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրա­կանացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առա­ջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիա­զորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրա­կանացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դա­տավորի հայտարարության հիման վրա Բարձ­րագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթար­կելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկ­ված միջո­ցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին:

6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի ձեռ­նարկած միջոցառումների, ինչպես նաև ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնար­կելու կապակցությամբ հանդես գալու պաշտոնական հայ­տարարությամբ:

(…)»:

Տվյալ դեպքում նախարարը, որպես պաշտոնատար անձ, պարտավոր էր և պար­տավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտան­գել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատա­վոր­ների անկախությունը, ի թիվս այլնի, նաև ընթացիկ կար­գապահական վա­րույ­թ­ների շրջանակներում:

Մինչդեռ, հրապարակային այնպիսի արտահայտությունները, որպիսիք են՝ կար­գապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքներով պայմա­նավորված՝ ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ հիասթափություն հայտնելը, ԲԴԽ-ի կողմից իր բար­ձունքում երբեմն չգտնվելու վերաբերյալ պնդումները, ԲԴԽ անդամներին ազնիվի և ոչ այնքան ազնիվի, լավ կամ վատ դատավորների դասակարգելը, իր միջնորդություն­ներին դեմ քվերակած ԲԴԽ անդամներին դատավորական կլան անվանելը, իր միջ­նորդություն­ներին դեմ քվեարկած դատավորների շրջանակը պարզելու և դրա պատ­ճառ­ները բացահայտելու ցանկություն հայտնելը, իր «հիմնավոր» միջնորդութ­յուն­ները մերժելու մասին ԲԴԽ որոշումների հետ չհամակերպվելը՝ դրանց անբողո­քարկելի լինելու պայմաններում, Հայաստանում վեթինգի իրականացման ձգձգումը իր ներկայացրած միջնորդություն­ները ԲԴԽ կողմից համատարած չբավարարելու հանգամանքով պայմանավորելը, որոնք արվել են և արվում են պետա­կան բարձր­աստիճան այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին արդարադատության նախա­րարն է, ԲԴԽ-ում քննվող ընթացիկ կարգա­պահական վարույթների տեսանկյունով բովանդակում են ԲԴԽ անդամ­ների գործու­նեությանը ոչ իրավաչափ միջամտության տար­րեր, որն առհասարակ անհամատեղելի է անկախ դատարանի և արդարադա­տութ­յան գաղափարների հետ:

Վերոգրյալների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդին առաջար­կում եմ միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթար­կելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վար­քագիծը»,- նշված է Դատարանների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հայտարարության մեջ։