կարևոր
9037 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-18 12:51

Չենք հրաժարվի Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից. Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց օրինագծի փաթեթը

Չենք հրաժարվի Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից. Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց օրինագծի փաթեթը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօրվա նիստում երկու հարց էր.  «Բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցոթյամբ։

Նիստին ներկա էր 30 պատգամավոր, բացակա՝ 3-ը։  

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման համար որպես հիմնական զեկուցող է ընտրված պատգամավոր Արթուր Հարությունյանը։ Մինչ նրա խոսքը, ԱԺ նախագահը հայտարարեց, որ բոլոր 5 խմբակցությունների ղեկավարներն առաջարկել են՝ օրակարգի առաջին հարցի քննարկումը ուղիղ եթերով չհերառձակվի։

 «Բռնազավթված տարածքների մասին, «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է միաձայն՝ 30 կողմ ձայնով։

«Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական:

Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Բաղունցը հղում, անելով Արցախի Հանրապետությայն Սահմանադրության 175-րդ հոդվածին, ասել է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներ են համարվում` Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

*ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից  1991-1994  թվականների պատերազմական գործողությունների հետևանքով, իսկ **-ով և ***-ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով:

Նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և  տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները հանդիսանում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ: