կարևոր
1705 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-17 20:01

Այս բանաձևով Եվրախորհրդարանը սկզբունքային շեշտադրումներ է անում` ի հեճուկս Ադրբեջանի. ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակ

Այս բանաձևով Եվրախորհրդարանը սկզբունքային շեշտադրումներ է անում` ի հեճուկս Ադրբեջանի. ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակ

Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստը երեկ հաստատեց ԵՄ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» տարեկան բանաձևը, որը դեռևս 2021 դեկտեմբերի 20-ին ընդունել էր ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։

Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթները ԵԽ բանաձևում ըստ էության մնացին անփոփոխ։ Եվրախորհրդարանը հաստատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Արցախյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ֆորմատը՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ ԵԽ-ն կոչ է անում Մինսկի խմբին անհապաղ և կրկին ստանձնել միջնորդի իր դերը։ Եվրախորհրդարանը նաև հորդորում է ԵՄ գործադիր մարմիններին՝ մասնավորապես Բարձր ներկայացուցչին, և ԵՄ անդամ-պետություններին ակտիվորեն ներգրավվել ԼՂ հիմախնդրի շուրջ տևական լուծում գտնելու գործում։

Անդրադառնալով ԵԽ բանաձևին՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց․ «Այս բանաձևով Եվրախորհրդարանը սկզբունքային շեշտադրումներ է անում ի հեճուկս Ադրբեջանի՝ իրականությունը խեղաթյուրելու ջանքերի։ Խիստ որոշիչ է Բրյուսելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի և իր դիվանագիտական թիմի արդյունավետ և ակտիվ աշխատանքն այս ուղղությամբ։ Անշուշտ, ինչպես և անցյալում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը շարունակում է ԵԽ պատգամավորների և քաղաքական շրջանակների իրազեկման անդադրում աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության պետական շահի»:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ