կարևոր
1939 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-17 19:28

Կվիրավորվեի, եթե ինձ հրավիրեին. այս ամբողջ պրոցեսից իշխանությանը պետք էր լուսանկարը. Ռուբեն Մելքոնյան

Կվիրավորվեի, եթե ինձ հրավիրեին. այս ամբողջ պրոցեսից իշխանությանը պետք էր լուսանկարը. Ռուբեն Մելքոնյան

Այս իշխանություններն իմիտացիա և տպավորություն ստեղծելու համար պատրաստ են շատ բաների, և իրենց համար գերակայությունը ոչ թե իրական քայլերն են, այլ՝ իմիտացիա ստեղծելը։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և  ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ու գիտական,  փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ 

Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ այս հանդիպումը նույնպես բացառություն չէ իշխաննությունների կողմից իմիտացիա ստեղծելու տեսանկյունից։ 
«Անընդհատ դաշտում հնչում էր, որ փորձագիտական հանրությունը՝ մասնավորապես թուրքագետները, քաղաքագետները, պատմաբանները դեմ են այս ոճով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Եվ իշխանությունները, թերևս, գնացել են այդ քայլին՝ ցույց տալու համար, թե  հանդիպում են փորձագիտական հանրույթի հետ և նրանց կարծքիները լսում են։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք։

Հանդիպմանը ներկա փորձագետների մի մասը, պարզ էր, որ պետք է հանդիպեր իշխանությունների հետ, որովհետև իրենց կողմնորոշումները, կարծես թե, չեն էլ թաքցրել։ Բայց խնդիրն այն է, որ կային 1-2 մասնագետ, որոնք նախ անընդհատ տարբեր հարցազրույցներում իրենց դիրքորոշումը հայտնում են, որ «այս պրոցեսը ճիշտ հունով չի գնում»։  Հետո, երևի թե լավ գիտակցում են, որ պետությանն անդառնալի հարված հասցրած իշխանությունների ներկայացուցիչների հետ  պետությանը վերաբերող հարցեր, ըստ էության անտեղի են և ճիշտ չէ քննարկելը։ Դրա համար, ես կարծում եմ, որ այս ամբողջ պրոցեսից իշխանությանը պետք էր լուսանկարը և տարածելը, որ հանդիպել են փորձագետների հետ, քան թե պետք է իրական փորձագիտական կարծիք», - ընդգծեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Մելքոնյանը հավելեց,  որ իրեն հանդիպմանը մասնակցելու հրավեր չի եղել։ «Եթե հրավիրեին, բնականաբար, մերժելու էի։ Եվ անկեղծ ասած, կվիրավորվեի, եթե ինձ հրավիրեին։ Եվ էլի շարունակում եմ իմ տարակուսանքը հայտնել, թե ինչու էին այդ 1-2 մասնագետները համաձայնվել մասնակցել այդ քննարկմանը։ Եթե իրենց առաջնորդողը եղել է այն գաղափարը, որ օգտակար պետք է լինել պետությանը, ապա առնվազն պետք է պահանջեին փակ հանդիպում, այլ ոչ թե լուսանկարվեին ու դրանով դառնային իշխանական քարոզչության մի մաս», - եզրափակեց նա։