կարևոր
1624 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-17 19:16

«Բռնազավթված տարածքների մասին օրինագիծը վերջնական քննարկման կդրվի վաղվա նիստում

«Բռնազավթված տարածքների մասին օրինագիծը վերջնական քննարկման կդրվի վաղվա նիստում

Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրակարգում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի /երկրորդ ընթերցում/ քննարկման հարցն էր։

Հանձնաժողովի նախագահ տեղեկացրել է, որ ԱՀ կառավարության կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել։ Փաթեթի վերջնական տարբերակը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը։

Քվեարկության արդյունքներով նախագիծը դրական եզրակացությամբ 2-րդ ընթերցմամբ ներկայացվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Հավելենք, որ փետրվարի 16-ի նիստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և  տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները համարվում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ: